Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Դեռ 1991 թվականից դժվար օրեր շատ ենք տեսել, ամեն ինչ լավ կլինի․ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքն 8 անչափահաս է մեծացնում

Դեռ 1991 թվականից դժվար օրեր շատ ենք տեսել, ամեն ինչ լավ կլինի․ ԼՂ-ից բռնի 
տեղահանված ընտանիքն 8 անչափահաս է մեծացնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքի բերումով 12 օր տանը չեմ եղել, 12 օր հայրենիքում չեմ ապրել, ու բացակայությանս երկրորդ օրն արդեն կարոտն ինձ ասեղի պես քրքրում էր։ Ու հենց այդ պահին մտքերս զբաղեցրեց տուն ու տեղ, հայրենիք կորցրած արցախցին, ում կարոտն օրերով չի չափվում, ում վերադարձի ժամկետն օրացույցից բացակայում է․․․

«Արմենպրես»-ն իր նոր շարքով շարունակում է ներկայացնել Ադրբեջանի ագրեսիայի պատճառով բռնի տեղահանված արցախցիների պատմությունները։

2023.10.11_16.55.57.75.JPG (1.80 MB)

Մեր լրագրողական խումբն օրերս Հրազդանի Ջրառատ թաղամասում էր, Ալեքսանյանների առանձնատան դարպասների մոտ։ Բաց դարպասից այն կողմ երկու խարտյաշ տղա երեխա ու մեկ թխահեր աղջնակ հեծանիվ են քշում․․․ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած փոքրիկները Ալիկը, Ռոզան ու Ալեքսն են՝ Արտյոմի, Արարատի, Բենիկի, Դանիելի ու Ադրիանայի քույրն ու եղբայրները։

2023.10.11_16.56.45.43.JPG (1.23 MB)

«Համեցեք, դռան շեմին մի կանգնեք»,- դարպասից այն կողմ լսվում է տղամարդու ձայն․ տանտերն է՝ Հրաչ Ալեքսանյանը, ով բռնի տեղահանված 11-հոգանոց բազմազավակ ընտանիքին իր տանն էր հյուրընկալել, ժամանակավոր անվճար ապաստան տվել։

30-ամյա Հեղինե Մակարյանն ու 40-ամյա Ապրես Բեդյանը Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղից են, 2 աղջիկ ու 6 տղա ունեն։ Ավագ որդին օրերս դարձավ 15 տարեկան, կրտսեր դուստրը 2,5 տարեկան է։ Ընտանիքի հետ նաև տատիկն է՝ 67-ամյա Ռոզա Առաքելյանը։ 

2023.10.11_17.23.05.44.JPG (1.53 MB)

«Լավ աղջիկ ա եղել, «գողացել», բերել ենք․․․»,- տեսնելով 15-ամյա զավակ ունեցող 30-ամյա կնոջն ուղղված մեր զարմացած հայացքները՝ ժպիտը դեմքին կատակում է սկեսուրը՝ տիկին Ռոզան։ 

2023.10.11_17.31.04.37.JPG (1.31 MB)

Մինչև 44-օրյա պատերազմը տիկին Ռոզայի տղան ու հարսը Ջրաբերդ գյուղում են բնակվել, սակայն նոյեմբերի 9-ից հետո գյուղն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, ու բազմազավակ ընտանիքը տեղափոխվել է հայրական տուն՝ Պողոսագոմեր, որը վերջին տվյալներով 60 տնտեսություն ուներ։ 40-ամյա Ապրեսը պատերազմից «դաջվածք» է ստացել նաև 1992 թվականին՝ 9 տարեկանում վնասելով աչքը։

67-ամյա կինը խոստովանում է՝ մինչև վերջին պահը (խմբ․- 2023 թ․ սեպտեմբերի 20-ը) չեն պատկերացրել, որ այսպիսի հանգուցալուծում կլինի, որ տուն ու հայրենիք կկորցնեն։ Հիշում է 9-ամսյա շրջափակումն ու ասում՝ անգամ այդ օրերին՝ սոված, անլույս ու անգազ՝ տունը լքելու մասին չեն մտածել, դիմակայել ու պայքարել են։ 

2023.10.11_16.51.40.58.JPG (1.80 MB)

«Հենց հումանիտար օգնությունը մտավ Լեռնային Ղարաբաղ՝ մի մեքենա` Լաչինով, մեկն` Աղդամով, հաջորդ օրը կռիվը սկսվեց, չեն էլ հասցրել էտ մեքենաների պարունակությունը ժողովրդին բաժանել․․․ Չիմացանք էլ, թե որն էր օգնություն ուղարկելու նպատակը։

Կռիվը սեպտեմբերի 19-ին սկսվեց, այդ ժամանակ մեր գյուղի վրա չեն կրակել։ 20-ի առավոտյան գյուղապետը բոլորին կանչեց ու ասեց․ «Ժողովուրդ, դուրս եկեք, արդեն թուրքերը մտնում են գյուղ»։ Ով ոնց կարողացել ա՝ մեկը ոտքով, մեկը մեքենայով,  գյուղից փախել ա։ Գոնե 10-20 րոպե ժամանակ չունեինք, որ մեր շորերը վերցնեինք, ով ինչ հագել էր, դրանով էլ դուրս է եկել։ Երկու մեքենան մեր հայաթում կանգնած՝ մենք չենք կարողացել դուրս գալ։ Գյուղապետը մեկ ավտոբուս է տրամադրել, ամսի 20-ին հասել ենք Ստեփանակերտ։ 5-6 օր մնացել ենք այնտեղ, այնուհետև զինվորական մեքենա է վերցրել, 39 հոգի լցվել ենք այդ մեքենան ու եկել Գորիս, հետո՝ Հրազդան»,- արցունքները զսպել չկարողանալով՝ պատմեց ընտանիքի ավագը՝ տիկին Ռոզան, ում եղբորորդին զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Մաղավուզում։ 

2023.10.11_17.01.51.23.JPG (1.52 MB)

Ընտանիքը 44-օրյա պատերազմի ժամանակ ևս տեղահանվել էր․ Տավուշի շրջանի Պտղավան գյուղում էին տեղավորվել, մինչև 2021 թ․ հունվար մնացել են այնտեղ, սակայն ԼՂ ղեկավարները նրանց հետ են կանչել՝ խոստանալով, որ ամեն ինչ լավ է լինելու։

«Հավատացինք ու գնացինք, բայց․․․»,- հոգոց է հանում ընտանիքի տատիկը։  

2023.10.11_17.00.00.85.JPG (1.11 MB)

Տիկին Ռոզային մխիթարելու նպատակով մատնացույց ենք անում 8 թոռներին ու շեշտում՝ նայեք՝ ինչ հարստություն ունեք։ Զրուցակիցս նայում է նրանց, ժպտում ու նկատում․ 

«Բան չունիմ ասելու, բայց կարալ պիտինք էտ հարստությանը մեծացնինք։ Ո՛չ աշխատատեղ ունինք, ո՛չ տուն․․․ Գյուղում անասնապահությամբ էինք զբաղվում՝ 26 խոզ եմ թողել, 46 հավ, կովեր ու հորթեր․․․ Ամբողջը թողել ենք մեր տան բակում ու փախել։ Երկու տուն ունեինք, որոնցից մեկի նորամուտը չհասցրեցինք անել։ Կահավորած թողել ենք, երեխեքս մի անգամ էլ մեջը չէին քնել։ Տուն տեղս՝ լիքը, ապրուստս՝ լիքը, թողել ենք ու փախել։ Այնտեղ նաև ամուսնուս ու երկու տղաներիս գերեզմաններն եմ թողել․․․ Դժվար ա, աղջիկ ջան, շատ դժվար, ի՞նչ ասեմ․․․»։

Տան բակում գտնվող փակ խոհանոցում երեխաները վազվզում են, խաղում, կատակում, միայն խոժոռ ու լուրջ հայացքով 15-ամյա Արտյոմն է, որ նստած մի անկյունում ուշադիր լսում է մեր զրույցը, երբեմն գլխով համաձայնության կամ անհամաձայնության շարժում անում ու հայացքը կախում։ Արտյոմն ապագա ծրագրավորող է։

2023.10.11_17.23.05.44 (1).JPG (1.53 MB)

«Չի համակերպվում այս իրականության հետ․․․ Չնայած, ոչ մեկն էլ չի համակերպվում։ Հենց մութն ընկնում է՝ բոլորն ասում են՝ տատի, մեր տունն ենք ուզում, գնանք էլի, ինչ կլինի։ Մեր գյուղի երեխաներն, ովքեր այստեղ տարբեր վայրերում ցրված են, միմյանց հետ կապ ունեն։ Ամբողջ օրը գյուղի նկարներ են իրար ուղարկում, դպրոցի նկարներն են ուղարկում․․․ Դուրս գալու ժամանակ Արարատս տունը նկարեց, ասեց՝ տատի, կարող ա էլ չգանք։ Ասեցի՝ գալու ենք, մի մտածեք, մի օր գալու ենք․․․ Էրեխեքս կարոտում են․ էդպես եմ ասում, բայց դե գիտեմ, որ չենք գնալու։ Իրանց (խմբ․- ադրբեջանցիների) հետ չենք կարող ապրել, իրանց Աստված չկա, ինչքան վատ բան կա՝ հայերի, արցախցիների նկատմամբ արել են։ Կողքի գյուղից մի տղու գլուխ էին կտրել, ու ինչքան նման բաներ են արել, ինչ ասես դրանց»,- գլուխը կախում ու հերթական արցունքները թաքցնել է փորձում զրուցակիցս։

2023.10.11_17.39.01.03.JPG (1.68 MB)

Տիկին Ռոզայի թոռնուհին՝ 6-ամյա Ռոզան, կարոտով է հիշում իրենց տունը։ «Մեր բոստունեքն եմ կարոտում, մաշինեքը, ընկերներիս»,-ասում է նա։ Քույրիկի խոսքը շարունակում է 5-րդ դասարանցի Ալիկը՝ վստահորեն շեշտելով, որ իրենց գյուղի նման սիրուն գյուղ ոչ մի տեղ չկա։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

ՀԳ Մեր նյութն արդեն պատրաստ էր թողարկման, երբ կրկին կապ հաստատեցի ընտանիքի հետ։ Պարզվեց, որ մեզ հյուրընկալելուց օրեր անց Բեդյանները տեղափոխվել են Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղ, 80 հազար դրամով տուն են վարձակալել ու կրկին ժամանակավոր՝ այնտեղ հաստատվել։

«Ես շատ էի ուզում Կոտայքի մարզում ապրել, տարածքին հարմարվել էինք։ Սակայն տան վարձի գներն այնտեղ ավելի բարձր էին՝ 200 հազար ու ավելի, իմ ուժը չէր պատի տուն վարձել։ Դրա համար եկանք էստեղ, տուն գտանք ու փորձում ենք ապրել։ Շատ խոնավ տուն ա, պատերի գաջը թափվում ա, չի չորանում, բայց դե գոնե դրսում չենք»,- իրենց նոր կարգավիճակի մասին պատմեց Ապրեսը։

Ընտանիքի անդամները դեռևս աշխատանք չեն գտել։ Ապրեսն ընդգծում է՝ գոնե մի 150 հազարանոց աշխատանք գտնի, տան վարձի ու սննդի հարցը կլուծի։

«Հիմա պետության տված գումարով ենք ապրում՝ մի մասը տան վարձ ենք տալիս, մի մասը՝ կոմունալ։ Սննդով էլ դեռևս պետությունն է օգնում, բայց դե դա ժամանակավոր է, պետք է գործ գտնել։ Մենք աշխատող ընտանիք ենք, կարող ենք անասուն պահել, մեղուներ պահել, հող մշակել․․․ Մենք պարապ նստողը չենք, արժանապատիվ ապրել ենք։ Մեզ միայն տուն է պետք, որտեղ կկարողանանք հաստատվել, դռնեդուռ չընկնենք, մեր երեխաներին պահենք»,- եզրափակում է Ապրես Բեդյանն ու լավատեսորեն շեշտում՝ դեռ 1991 թվականից դժվար օրեր շատ են տեսել, ամեն ինչ լավ կլինի։

Շարքի նախորդ նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am