Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ-ի որոշումները և վերականգնել դադարեցված լիազորությունները

Դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել ԲԴԽ-ի որոշումները և 
վերականգնել դադարեցված լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել Բարձրագույն դատական ​​խորհրդի որոշումները և վերականգնել նախկինում դադարեցված լիազորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Նախագծի նպատակն է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական հնարավորության նախատեսումը։ Նախագծի ընդունումը բխում է ԳՐԵԿՈ-ի 2015 թվականի գնահատման զեկույցում տեղ գտած և 2021 թվականի միջանկյալ զեկույցում վերահաստատված հանձնարարականից, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դեռևս հնարավոր չէ բողոքարկել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները և եզրակացրել է, որ այս մասով իր հանձնարարականը մնում է չկատարված։

Նախագծով առաջարկվող լուծումները այս պահին միակ հնարավոր լուծումներն են՝ հաշվի առնելով մեր սահմանադրական կարգավորումները, ինչի մասին նշել է նաև Վենետիկի հանձնաժողովն իր համապատասխան կարծիքում»,- ասաց Մինասյանը։

Նախարարը հիշեցրեց, որ նախագծով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնելու է Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամ ընդգրկող կազմը։ Նրա խոսքով՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող ԲԴԽ նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորներին ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական թեկնածուներ։

« Դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է ԲԴԽ-ն, տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկած անդամների կազմով։ Բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ»,- նշեց Մինասյանը։

Միևնույն ժամանակ, նախարարը հայտնեց, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո կառավարության կողմից ներկայացվել են գրավոր առաջարկներ, որոնք հաստատվել են Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, և նախագիծը լրամշակվել է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am