ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում ձերբակալել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»,- նշել է նա։
Կատարվածի մասին ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները։