Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանում բնակավայրերի 66 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով, հասանելիության առումով երկիրը լավ դիրքերում է

Հայաստանում բնակավայրերի 66 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով, 
հասանելիության առումով երկիրը լավ դիրքերում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բնակավայրերի 66 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով, ՀՀ բնակչության 96 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու ինտերնետից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար լուծումներ գտնելու նպատակով կազմակերպված «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրով գագաթնաժողովին: 

MXO_0845.JPG (508 KB)

«Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում բնակավայրերը լայնաշերտ ինտերնետով ապահովելու ծրագիրը, և 2021-2026 թվականների ծրագրում առկա է կետ բնակավայրերի մինչև 80 տոկոսը մինչև 2026 թվականը լայնաշերտ ինտերնետով ապահովելու վերաբերյալ: Այս միջոցառման նպատակը այդ հարցի շուրջ մասնագետներին համախմբելն և լուծումներ գտնելն է»,- ասաց փոխնախարարը:  

Նրա համոզմամբ՝ մինչև 2026 թվականը Հայաստանի բնակավայրերի 80 տոկոսը ապահովված կլինի լայնաշերտ ինտերնետով:  

«Այս պահին բնակավայրերի 66 տոկոսն արդեն իսկ ապահովված է լայնաշերտ ինտերնետով, միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ բնակչության 96 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու լայնաշերտ ինտերնետից: Մենք խոսում ենք շատ հեռավոր փոքր բնակչություն ունեցող բնակավայերերի մասին, որտեղ ներդրումներ անելը տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չեն: Այս դեպքում լուծումը տեսնում եմ սուբսիդավորման կամ օպերատորներին՝ այդ բնակավայրերում ինտերնետ հասանելիություն ապահովել շահագրգռելու մեջ: Մենք այս պահին ունենք գործիքակազմ. կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել այն համայնքներին, որոնք նման հայտ ներկայացնեն: Այս պահի դրությամբ համայնքներից որևէ մեկը հայտ չի ներկայացրել, ինչը նշանակում է, որ ինտերնետ հասանելիությունը բավականան լավ վիճակում է գտնվում»,- նշեց Պողոսյանը:  

Նրա համոզմամբ՝ այս պահին ինտերնետ հասանելիության առումով Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում: Նման կարծիք հայտնեց նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ Հայաստանը ինտերնետ հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է:  

«Պետք է արձանագրել, որ ինտերնետի հասանելիությունը մարդկությանը տվել է նոր տեխնոլոգիաների միջով այլընտրանքային կրթություն ստանալու հնարավորություն: Ինտերնետ հասանելիությունը տարբեր համայնքներում, սահմանամերձ գյուղերում հնարավորություն կստեղծի օգտվել կրթական տարբեր ռեսուրսներից՝ վերապատրաստվել, զարգանալ, լեզուներ սովորել: Այն նաև լայն հնարավորություններ է ստեղծել տրանսպորտային և լոգիստիկ համակարգի համար»,- նշեց Արշակյանը:

Եզրափակելով՝ Արշակյանն  ընդգծեց, որ Հայաստանը՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները, չափազանց կարևորում է ինտերնետի հասանելիությունը համայնքներին:

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանն ասաց՝ ինտերնետ կապն այսօր առաջնահերթությունների շարքում է և ստեղծում է հավասար հնարավորություններ համայնքների համաչափ զարգացման համար: 

«Չնայած տեխնոլոգիաների գերարագ զարգացմանը՝ այսօր ամբողջ աշխարհում բնակվող 8 միլիարդ մարդուց 2.7 միլիարդը  դեռ ինտերնետ հասանելիություն չունի՝ կախված աշխարհագրական դիրքից, ենթակառուցվածքների պակասից և բնակչության սակավությունից: Իսկ հասանելիություն ապահովելու համար պահանջվում է նոր, ոչ ավանդական մոտեցումներ: Այս խնդրին լուծում տալու համար կազմակերպությունները ողջ աշխարհից կազմում են դաշինքներ՝ ռեսուրսները համախմբելու, ներդրումները կառավարելու, թվային բացը լրացնելու և թվային վերափոխմանը նպաստելու համար: Հայաստանի օպերատորների միությունը ևս իր նպատակների իրագործման ընթացքում կոչված է նպաստելու ինտերնետի ու հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, թվային գրագիտության բարձրացմանն ուղղված խնդիրների լուծմանը»,- ասաց Գյոնջյանը: 

Նա նշեց՝ իրենց բազմակողմանի գործունեության հիմքում երկրի հավասարաչափ զարգացումն է, ՀՀ ողջ տարածքում որակյալ կապի հասանելիության ապահովմանը նպաստելը և համացանցի անվտանգ կիրառությունը:  

«Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո իրականացվող գագաթնաժողովի երկրորդ օրը կկայանա կլոր սեղան քննարկում՝ «Ինտերնետ հասանելիությունը համայնքների զարգացման գրավական» թեմայով




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am