1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Լատվիայի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Լատվիայի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում 
փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

ԿԳՄՍ նախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև առկա են հարաբերությունների զարգացման օրակարգ ու մեծ ներուժ, և պետք է ստեղծել փոխգործակցության դաշտ՝ իրականացնելով հստակ գործողություններ։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև միջբուհական երկխոսության զարգացումը: Նա անդրադարձել է «Էրազմուս+», «Հորիզոն Եվրոպա» և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մի շարք այլ ծրագրերի շրջանակում համագործակցությանը, որը ներառում է համատեղ կրթական և գիտահետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

Նախարարը նշել է, որ գիտության ոլորտում նույնպես համագործակցության զարգացման  ներուժ կա՝ մասնավորապես շեշտելով՝ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ձեռնարկել է քայլեր և կապեր հաստատել Լատվիայի գիտության խորհրդի հետ՝ բարեփոխումների, գիտական նախագծերի փորձաքննության և մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջարկությամբ:

Անդրադառնալով երիտասարդության և մշակութային ոլորտներին վերաբերող համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության հիմքում ընկած են նաև մշակութային կապերի զարգացմանը միտված քայլերը:

ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին իր հերթին ընդգծել է՝ հատկապես կրթության ոլորտում համագործակցությունը կարևոր ուղղություններից է: Նա տեղեկացրել է, որ Լատվիայի կառավարության ուշադրության կենտրոնում են ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ հանրակրթության ոլորտները:

Դեսպանը տեղեկացրել է, որ նշված ոլորտներում կիրառվում են նորարար մի շարք մեթոդներ, որոնք թույլ են տալիս աշակերտներին արագ կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում:

Էդիթ Մեդնեը տեղեկացրել է, որ լատվիական կրթական մոդելը Եվրոպայում լավագույններից մեկն է, որը փորձարկվում է նաև այլ երկրներում:

Նախարար Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել հայաստանյան փորձը՝ նշելով, որ Հայաստանում որակյալ կրթական ծառայությունների մոդելներ կան:

Նա հատկապես առանձնացրել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների, ՔՈԱՖ սմարթ կենտրոնների և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը:

Կողմերը քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը նաև սպորտի բնագավառում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]