Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սիրողական մրցաշարերով ընդգծվում և կարևորվում է պետություն-քաղաքացի կապը. հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի հաղթողները

Սիրողական մրցաշարերով ընդգծվում և կարևորվում է պետություն-քաղաքացի 
կապը. հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի հաղթողները

ՍԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի  մասսայականացման, բնակչության շրջանում  ֆիզկուլտուրայի  ու  սպորտի  քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին անցկացվեց «ՀՀ վարչապետի  գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի  երրորդ մրցաշարը, որին երկուական տարիքային խմբերում ավելի քան 300 հեծանվորդ  մասնակցեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարը տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, իսկ մրցատարածությունը ձգվեց 40 կմ:

Այդ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում (18-40 տարեկան)  բոլորից արագ հաղթահարեցին Անանիա Ոսկանյանը, Պավել Ստեփանյանը և Խաչատուր Սարիբեկյանը, իսկ կանանց առաջին տարիքային խմբում՝ Նարե Ղարիբյանը, Լիլիթ Հարությունյանը, Անի Սարգսյանը:

Տղամարդկանց երկրորդ տարիքային խմբի (41 և ավելի բարձր) լավագույն եռյակում ընդգրկվել են Սամվել Հովհաննիսյանը, Վազգեն Ղուլիջանյանը և Վարդան Ալքումյանը, իսկ կանանց երկրորդ տարիքային խմբում՝ Ռուզաննա Հովասափյանը, Լիլիթ Սարգսյան և Լիլիթ Արարատյանը:

Խրախուսական պագևներ են ստացել նաև մրցաշարի ամենատարեց մասնակիցներ՝ 53-ամյա Նազելի Մանուկյանը  և 82-ամյա Հակոբ Թութունջյանը:

Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Մրցաշարին մասնակցում էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով Հանրապետության օրվա առթիվ, նշեց, որ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերով նախևառաջ ընդգծվում և կարևորվում է պետություն- քաղաքացի կապը:

««Վարչապետի գավաթ» մրցաշարն ի սկզբանե մտածված է անցկացնել մեր պետականության համար կարևոր նշանակություն ունեցող օրերին: Այս մրցաշարերի միջոցով մենք հնարավորություն ենք տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի իրենք իրենց հետ մրցեն և, որպես պետության իրավատեր, ապացուցեն, որ մեր ուժեղ, բարեկեցիկ և ինքնիշխան պետություն ունենալու կամքը անսասան է: Երևի պետք է արդեն հաջորդ փուլին մոտենանք միջազգայնացնելով թե՛ խճուղային հեծանվավազքի, և թե՛ լողի  մրցաշարերը, ինչը կօգնի ընդլայնել մաշտաբները և կնպաստի Հայաստանում տուրիզմի զարգացմանը»,- նշեց ՀՀ վաչապետը;

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ այս կերպ մասսայական սպորտի միջոցով ձևավորվում է նոր մշակույթ: Նա նշեց, որ եթե «ՀՀ վարչապետի գավաթ»  սեղանի թենիսի  և դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարերը լիովին կայացած են, ապա հեծանվավազքի պարագայում փոփոխությունների կարիք կա:

«Կազմակերպչական և մրցավարական առումով խնդիրներ չկան, մասնակիցների կողմից խանդավառոություն ևս կա, բայց մասնակիցների քանակը այնքան էլ չի գոհացնում և աճելու տեղ կա: Մենք կուսումնասիրենք, վերլուծություններ կանենք և կիրականացնենք արմատական փոփոխություններ: Կան մարդիկ, ովքեր այնքան էլ լավ հեծանիվներ չունեն և, գիտակցելով, որ չեն կարողանալու մրցակցել, հրաժարվում են մասնակցել: Միգուցե պետք է հեծանիվներ տրամադրենք, կամ էլ պետք է աշխատենք մրցաշարը միջազգայնացնելու ուղղությամբ: Վստահ եմ՝ մյուս տարի բոլորովին այլ մրցաշար կտեսնեն: Նույն խնդիրը ունենք նաև լողի մրցաշարի պարագայում, և, միգուցե, հենց այս տարվանից էլ այն աշխատենք միջազգային դարձնել, որպեսզի մասսայականացնենք»,- ասաց Գիլոյանը: 

Երկու տարիքային խմբերում 1-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են դրամական մրցանակներով: Մասնավորապես՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 500.000, 3-րդ տեղը՝ 300.000, 4-րդ տեղը՝ 100.000, 5-10-րդ տեղերը՝ 50.000-ական դրամ: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am