Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Podcast. Արցախի կորուսյալ մշակութային ժառանգությունը կվերարժևորվի «Արցախը մեր մեջ» ցուցահանդեսով

Podcast. Արցախի կորուսյալ մշակութային ժառանգությունը կվերարժևորվի 
«Արցախը մեր մեջ» ցուցահանդեսով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի կորուսյալ մշակութային ժառանգությունը վերարժևորելու, այն հասարակությանը ներկայացնելու նպատակով Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, Հայ բարեգործական ընդհանուր միությունում կբացվի  «Արցախը մեր մեջ» ցուցահանդես-վաճառքը:

Ցուցահանդեսին, որն իրականացնում է «Գոյ» մարդասիրական հիմնադրամի «ԿերամաԶարդ» արվեստանոց-ուսումնարանը, ներկայացված են ձեռագործ կերամիկական իրեր, որոնք պատրաստել և նկարազարդել են արցախցի արվեստագետները:

GEV_4896.JPG (499 KB)

Թեմայի շուրջ «Արմենպրես Podcast»-ի շրջանակում զրուցել ենք Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, «Գոյ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանի հետ:

Նրա խոսքով՝ հիմնադրամ ստեղծելու գաղափարը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո: Փորձել են ամեն կերպ աջակցել Հայաստան տեղափոխված արցախցիներին, բայց ընթացքում հասկացել են՝ աղետն այնքան մեծամասշտաբ է, որ բախվելու են տեղահանված արցախցիների խնդրին:

«Այդ մարդիկ պարտավոր էին շարունակել իրենց կյանքն՝ այս անգամ հայրենիքի այս հատվածում: Նրանք ունեին աշխատանքի խնդիր: Համախոհներով որոշեցինք ամենօրյա աջակցությունը վերածել մշտական աշխատանք տրամադրելու գործընթացի: Մարդը պետք է ունենա վաստակելու հնարավորություն և որևէ մեկից օգնություն չխնդրի, դրա կարիքը չունենա: Ստեղծեցինք «Գոյ» հիմնադրամը: Մեր շրջապատում շատ էին արցախցի արվեստագետները՝ նկարիչներ, քանդակագործներ, խեցեգործներ և այլք, ուստի խեցեգործության և կերամիկայի արվեստանոց հիմնեցինք»,-շեշտում է Սիմոնյանը:

Առաջնային նպատակը տեղահանված արցախցի արվեստագետների համար ստեղծագործական միջավայր ապահովելն է եղել:  Նրանք սկսել են կերամիկայի վրա նկարել ու վեր հանել արցախյան զարդանախշերը, գորգանախշերը, հայկական տառարվեստը: Հետագայում սկսել են նաև դասավանդել՝ կենտրոնում հյուրընկալելով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված երեխաների:

«Անընդհատ տեսնում էինք հակառակորդի վանդալիզմի հետևանքները, ավերված և օկուպացված մշակութային ժառանգությունը՝ վանքերը, եկեղեցիները, ու ամեն օր արվեստագետները պատմում էին իրենց գյուղի պատմությունը, ցույց տալիս անցյալն ու այս պահին տեղի ունեցող ավերումները: Այդ պահին հասկացանք, որ պետք է կանգուն ու գեղեցիկ կանաչ լեռները, գյուղերն ու քաղաքները  հանձնել պատմությանը, գրել դրանց մասին, ցույց տալ աշխարհին, թե ինչ ունեինք և այսօր հակառակորդը, որը ոչ միայն հանցագործ է, այլև վանդալիստ՝ ինչ է անում այդ ամբողջի հետ: Նրանք կռիվ են տալիս քարի, հողի, սարի, վանքի, խաչքարի հետ: Այդ քարերը, որ կերտել ենք դարերով, որ հանձնել ենք աշխարհին, ոչ միայն արցախցունն են կամ Հայաստանինը, այլև աշխարհի համար են քաղաքակրթական արժեք: Մենք նկարեցինք այն, ինչ կորցրել ենք, մի քանի փորձից պարզ էր, որ գեղեցիկ է ստացվում»,-պատմում է «Գոյ» հիմնադրամի խորհրդի նախագահը:

Նրա խոսքով՝ ծրագիրը շարունակական է լինելու: Նախատեսում են հետագայում ընդլայնել թեմաները:

«Մենք նոր գործընկերների կարիք ունենք, որոնք պատրաստակամ կլինեն աջակցելու մեզ՝ իրացնելու կերամիկական ձեռագործ արտադրանքը, տարածելու դրանք աշխարհում: Սա բարերարության ձևերից մեկն է»,-շեշտում է Ազատուհի Սիմոնյանն ու ևս մեկ անգամ ընդգծում, որ իրենց նպատակը տեղահանված արցախցիներին աշխատանքով ապահովելն է:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am