Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ադրբեջանցիները Լաչինի միջանցքում կանգնեցրել են Գորիսից վերադարձող արցախցիներին և հերթական բեմադրությունը ցուցադրել

Ադրբեջանցիները Լաչինի միջանցքում կանգնեցրել են Գորիսից վերադարձող 
արցախցիներին և հերթական բեմադրությունը ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանցիները Լաչինի միջանցքում տեղակայված անցակետի մոտ կանգնեցրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Արցախ վերադարձող քաղաքացիներին և հերթական բեմադրությունը ցուցադրել՝ փորձելով ցույց տալ, թե Լաչինի միջանցքով երթևեկությունն ազատ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«2023 թվականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետևանքով Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մեջ` կտրվելով ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ ՀՀ-ից:

Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար վիճակն օր-օրի վատթարացել է, փորձ է արվել Կարմիր խաչի արցախյան գրասենյակի միջոցով այդ համայնքներին սնունդ և դեղորայք մատակարարել, սակայն այդ ջանքերը արդյունք չեն տվել: Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկզբնական օրերին ծնողների մոտ են վերադարձվել Գորիս քաղաքում մնացած երեք անչափահաս երեխաները, իսկ մնացածների վերադարձն Ադրբեջանը արգելել էր:

Լիակատար ու երկկողմանի շրջափակման մեջ գտնվող գյուղերի բնակիչների հրատապ հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թույլատրվել է առանց զննության մասնավոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով` նախապես հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որևէ հսկողական միջամտություն չի լինելու: Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար:

Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական ապօրինի անցակետը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը՝ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Արցախի Հանրապետության ժողովուրդը սպասում է Լաչինի միջանցքի` Եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմի վերականգնմանը` 5 կմ լայնությամբ միջանցք բացառապես ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ներսիսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am