Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխության վերաբերյալ որևէ բանակցության մեջ․ Միրզոյան

Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել Լաչինի միջանցքի ռեժիմի 
փոփոխության վերաբերյալ որևէ բանակցության մեջ․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Լաչինի միջանցքում զուգահեռ վերահսկողություն իրականացնելու առաջարկից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ ասուլիսի ընթացքում Արարատ Միրզոյանն ասաց, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ բանակցություն տեղի է ունեցել և պայմանավորվածություն ձեռք է բերվել, որը հանրահայտ է․ այդ պայմանավորվածությունն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։  

«Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել։ Մենք կարծում ենք, որ բոլոր պայմանավորվածությունները, ոչ միայն Լաչինի միջանցքի վերաբերյալ, անխափան կերպով պետք է իրականացվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերում ունենալ»,- ասաց Միրզոյանը՝ կրկնելով նախկինում հնչեցրած կարծիքը, որ Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը Լաչինի միջանցքում բացարձակապես ապօրինի է։

«Լաչինի միջանցքում սահմանակետեր դնելու վերաբերյալ ադրբեջանական կողմից պահանջներ կամ առաջարկներ (դժվար է տարբերակում անել)  հնչել  են։ Ես արդեն ասացի, որ մենք չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ։ Մնացած ամեն ինչը, ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի  իրավունքներին և անվտանգությանը, կարող են քննարկվել, կարգավորվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի, թափանցիկ մեխանիզմում»,- եզրափակեց Միրզոյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am