Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ ունենք. Փաշինյան

Աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ ունենք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա մարտ ամսին գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ՝ 706 հազար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:

Նա նկատեց՝ ընդհանուր առմամբ ընդդիմության գործընկերների միտումն էր ցույց տալ, որ կառավարության ներկայացրած զեկույցը մի փաստաթուղթ է, որի մեջ ընդգծված ձեռքբերումները ՀՀ քաղաքացիները չեն զգում: Սակայն վարչապետը չհամաձայնեց այդ գնահատականի հետ: «Ընդհակառակը՝ սա այն դեպքն է, որ մեր նշած ցանկացած տող ՀՀ քաղաքացին չի կարող չզգալ: Վերջին 5 տարում կառուցված, հիմնանորոգված և նորոգված ճանապարհներով՝ 2500 կմ, քաղաքացին չի կարող չերթևեկել և չի կարող չնկատել: ՀՀ քաղաքացիները չեն կարող չնկատել առողջապահական լրացուցիչ ծառայությունները, որ ստացել են ՀՀ առողջապահական հիմնարկներում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դրանք թիվ չեն, մարդիկ են, որոնք կոնկրետ ստացել են այդ ծառայությունները բյուջեի հաշվին:

Նա ընդգծեց նաև՝ չի  կարող ատեստավորված ուսուցիչը չնկատել, որ իր աշխատավարձը կրկնապատկվել է: «Եվ մենք բոլորս չենք կարող չնկատել, որ ՀՀ-ում կա ուսուցիչ, որը ստանում է 400-450 հազար դրամ աշխատավարձ: Չեն կարող ՀՀ 29 հազար քաղաքացիները չնկատել, որ 2022 թվականի ընթացքում կառավարությունից ստացել են 35 մլրդ դրամ՝ բնակարաններ ձեռք բերելու համար: Չեն կարող գիտնականները չնկատել, որ իրենց աշխատավարձը բարձրացել է 66-166 տոկոսով»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը նաև ասաց, որ փոփոխությունները չեն կարող չնկատել այն մարզիկները, որոնք ստանում են կառավարության աջակցությունը: Նա թվեց, թե քանի մարզիկ ամսական որքան գումար է ստացել՝ վստահեցնելով, որ կառավարությունը ուղեկցում է նրանց՝ առաջին իսկ հաջողություններից սկսած: «Ուրիշ բան, որ մենք ամեն անգամ այդ գումարը տալիս ռեպորտաժ չենք անում, մեծ միջոցառումներ չենք անում, այդ մարզիկների ֆոնին չենք նկարվում: Սա օլիմպիական մարզաձևերին էր վերաբերվում: Սակայն, արձանագրելով սամբո ըմբշամարտի մեր թիմի հաջողությունը, ես հանձնարարական եմ տվել, որ սամբոն նույնպես ընդգրկվի մարզաձևերի այդ ցանկանում: Եվ մեր չեմպիոններին նույն կերպ այդ վճարումները կիրականացնենք»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նոյեմբերին ՀՀ-ն կհյուրընկալի սամբոյի աշխարհի առաջնությունը:

Նա նաև նշեց՝ չեն կարող ավելի քան 700 հազար աշխատողները չնկատել, որ իրենց միջին աշխատավարձը 2022-ին՝ 2021-ի համեմատ, ավելացել է 31 հազար 528 դրամով:

Անդրադառնալով ընդդիմության այն հայտարարությանը, որ հազարավոր քաղաքացիներ սոված են քնում՝ Փաշինյանը ասաց, որ կարող է լինել և կա այդպիսի բան: «Բայց մենք ասում ենք, որ աշխատաշուկայում հազարավոր թափուր աշխատատեղեր կան: Մենք ունենք նոր պատմական ռեկորդ՝ 706 հազար աշխատատեղ, նախկինը 704 հազար էր: Այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ մենք ունենք 51 հազարով ավել աշխատավարձ: Սրանք այն մարդիկ են, որոնք, գուցե, այլևս սոված չեն քնում, որովհետև աշխատում են ու ստանում աշխատավարձ»,-ասաց Փաշինյանը:

Բացի այդ՝ 2019 թ մարտի նկատմամբ աշխատավարձի համախառն ֆոնդը կրկնապատկվել է, այսինքն՝ ՀՀ-ում աշխատող քաղաքացիները այս տարվա մարտին կրկնակի անգամ ավելի շատ աշխատավարձ են ստացել, քան 2019-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am