Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թագուհի Թովմասյանը չէր հեռանում ԱԺ ամբիոնից, միջամտեցին անվտանգության աշխատակիցները

Թագուհի Թովմասյանը չէր հեռանում ԱԺ ամբիոնից, միջամտեցին անվտանգության 
աշխատակիցները

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն ամբիոնից իր ելույթի վերջում հայտարարեց, որ իրականացնում է քաղաքական ակցիա:

«Ի նշան բողոքի՝ չեմ իջնելու ԱԺ ամբիոնից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Թովմասյանը:

Դիմելով իշխանությանն՝ ասաց, որ թույլ չի տալու երկրի թիվ մեկ ամբիոնից ստեր հնչեցնել, կասկածի տակ դնել Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունը: Նա հորդորեց իր գործընկերներին ևս միանալ իրեն:

Ելույթի ավարտին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցրեց. «Այս ամենի իմաստը ո՞րն  է. որ անվտանգությունը գա՞, Ձեզ ուղեկցի դո՞ւրս, որ լուսանկար լինի՞: Սահմանադրական գործընթաց է տեղի ունենում, Ձեր արածը ո՞նց եք բացատրելու, Դուք էլ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահն եք»:

Ամբիոնից չհեռացող Թովմասյանին միացան նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու նույն խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Նրանց միացան «Պատիվ ունեմ»-ի մյուս պատգամավորները, «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանն ու Գեղամ Մանուկյանը: Նրանք չէին հեռանում ԱԺ ամբիոնից: ԱԺ նախագահը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին: Հայտարարվեց ընդմիջում: Անվտանգության աշխատակիցները փորձում էին ամբիոնից հեռացնել ընդդիմադիր պատգամավորներին, ամբիոնին մոտեցան նաև մյուս ընդդիմադիրները, քաշքշուք սկսվեց: Անվտանգության աշխատակիցները հեռացրին ամբիոնից չհեռացող պատգամավորներին:

Նիստը վերսկսվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այդ պատգամավորները խոչընդոտում էին սահմանադրական գործընթացը ՀՀ ԱԺ-ում, նրանց հայտարարեց նկատողություն: «Նրանք զրկվում են այսօր նիստերին մասնակցելու իրավունքից»,-ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանը հայտնեց, որ Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը հեռացվում են մինչև օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից:Թեև ԱԺ նախագահը հայտարարեց, որ մյուս ընդդիմադիր պատգամավորները կարող են վերադառնալ դահլիճ, սակայն դահլիճում ներկա բոլոր ընդդիմադիր պատգամավորները հեռացան:

Նիստերի դահլիճում էր նաև ՀՀ վարչապետը, ընդմիջում հայտարարելուց հետո նա հեռացավ դահլիճից, երբ նիստը վերսկսվեց, վերադարձավ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am