Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Լեռնակերտի պեղումների արդյունքում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ

Լեռնակերտի պեղումների արդյունքում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի 
անցման փուլին վերագրվող թաղումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետները պեղումներ են իրականացրել Լեռնակերտի N 1 դամբանադաշտում:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից։ 

031 (3).jpg (378 KB)

Բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին (Ք.ա. XVI դ. II կես-XV դ. I կես) վերագրվող թաղումներ, որոնցում միաժա­մա­նակ հանդիպել են և՛ միջինբրոնզեդարյան կարմիրբերդյան, և՛ ուշբրոնզե­դարյան ա­ռարկա­ներ։ Անցումային փուլի (միջին բրոնզից ուշ բրոնզ) այս դամբաններն ունեն 5-15 մետր տրա­մագծով հենա­պատ-կրոմլեխ։ Խցերը հիմնա­հո­­ղա­յին են՝ ուղղված հյուսիս-հարավ։ Ուշ բրոնզի տարբեր փուլերին վերա­գրվող թաղումներում աճյունը դրված է եղել դիադրման և վերաթաղման եղանակներով։ Այս դամբաններում ուղեկցող գույքը խեցանոթներն են, հազվադեպ՝ ուլունքներ։ Երկաթի դարի վաղ շրջափուլին վերաբերող դամբաններն ունեն հենա­պատ-կրոմլեխներ (8-20 մ տր.), մանր քարերից կազմված ոչ բարձր թմբեր և արևելք-արևմուտք ուղղված սալարկղային խցեր։ Երկաթեդարյան իջեցուկ դամբաններում փաստագրվել են խմբային եղանակով արված թաղումներ։ Բացահայտվել է, որ այս դամբանախմբում խեղված չորս դամբան­ներն արևելյան հատվածում ունեն կցակառույցներ՝ նախատեսված թաղումն ուղեկցող գույքի համար։

Երկաթեդարյան ամրոց Վարի Բերդի բլրի արևելյան լանջին օդալուսանկարահանման միջոցով հավաստվել է «անվաձև» կառույց, որը բաղկացած է կից շրջանաձև այլ կառույցներից։ «Անվաձև» կառույցներ Հայաստանում հայտնի են Արագածի նախալեռներում, որտեղ դրանք հանդիպում են «անապատի օդապարուկներ» կոչված հուշարձանների համատեքստում։ «Անվաձև» կառույցի մնացորդներ փաստագրվել է նաև Արագած լեռան ամենաբարձրադիր հնավայրում՝ Կարմիր Սարում, որտեղ պեղումներով բացահայտվել են վիշապ քարակոթողների կուտակում՝ իրենց նախնական միջավայրում։ Լեռնակերտի օրինակն առանձնահատուկ է նրանով, որ այն առաջին անգամ փաստագրվում է ամրոցի համատեքստում։ Սակայն վերջինիս գործառույթը դեռ պարզ չէ։

031 (2).jpg (656 KB)

Պեղումներով գտնվել են մեծ թվով խեցեղեն և քարե առարկաներ՝ անոթներ, աղորիքներ, անվակներ և այլն, կենդանական ոսկորներ՝ հիմնականում ընտանի՝ մանր և խոշոր եղջերավոր անասուններ։

Լեռնակերտի պեղումները կարևորվում են ուշբրոնզեդարյան հասարակության ուսումնասիրության առումով։ Մասնավորապես, լայն արձագանք է գտել Լեռնակերտի հնագույն ԴՆԹ-ի հետազոտությունը, որը ցույց է տալիս, որ համաժամանակյա, սակայն տարբեր դամբանախմբերում արված թաղումներում բացված կմախքները ազգակցական կապեր չեն ունեցել։ Դա վկայում է, որ համայնքներում ապրել են տարբեր գերդաստաններ։

Լեռնակերտի ուշբրոնզեդարյան լանդշաֆտի ձևափոխությունների դինամիկայի հետազոտությունը հնարավորություն է տալիս մեկ համալիրում երկու ամրոցների տվյալներով հետևել պաշտպանական համակարգի ձևավորման, կառուցման գործընթացներին։ Շնորհիվ Լեռնակերտի դամբանադաշտի տվյալների՝ Արթիկի, Հառիճի, Հոռոմի, Մաստարայի, Թալինի և Լճաշենի տվյալների հետ բաղդատման, ուրվագծելի են դառնում ուշ բրոնզի դարում բարդ հասարակությունների ձևավորման գործընթացները։ Ամրոցներում, դամբանադաշտերում նշմարվում են ինչպես առանձնաշնորհյալների, այնպես էլ զինվորների, կրոնական սպասավորների և առևտրականների խմբերը։

031 (1).jpg (829 KB)

Պեղումների արդյունքների վերաբերյալ հոդվածներ են տպագրվել հայաստանյան և արտասահմանյան պարբերականներում, զեկուցվել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտաժողովներում։

Լեռնակերտի հնագիտական արշավախումբը գործել է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Գիտության պետական կոմիտեի և Հայագիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայի (NAASR) համաֆինանսավորումներով՝ «Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջերի բրոնզեդարյան լանդշաֆտի ձևափոխման միտումները» թեմայի շրջանակներում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am