Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի և Թբիլիսիի օպերային թատրոնները կհամագործակցեն. այդ առթիվ Հայաստանում հյուրընկալվել է բալետի աստղ Նինո Անանիաշվիլին

Երևանի և Թբիլիսիի օպերային թատրոնները կհամագործակցեն. այդ առթիվ 
Հայաստանում հյուրընկալվել է բալետի աստղ Նինո Անանիաշվիլին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հյուրընկալել է բալետի հանրաճանաչ պարուհի, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նինո Անանիաշվիլիին:

Թատրոնները նախատեսում են համագործակցել՝ նոր որակ, նոր շունչ ստանալու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը դիրիժոր, Երևանի օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն ասաց՝  համագործակցությունը համաշխարհային բալետի ամենահայտնի դեմքերից մեկի՝ Նինո Անանիաշվիլիի հետ, շատ կարևոր է:

«Առաջիկայում մեր բալետի արտիստները մեկ շաբաթով կմեկնեն Թբիլիսի՝ վարպետության դասերի մասնակցելու նպատակով: Դա անվճար է լինելու, որովհետև բալետային արվեստի ներկայացուցիչները փորձում են աջակցել միմյանց»,-նշեց նա:

Դուրգարյանը խոստովանեց՝ բալետի խնդիրները մեր երկրում այնքան շատ են, որ ստիպված են արագ քայլերով այդ հարցերը լուծել: «Երևանի պարարվեստի ուսումնարանում տղա ուսանողների բաց կա, ինչը նաև օպերային թատրոնում է բաց ստեղծում: Բացը պետք է լրացնել լավագույն մասնագետների շնորհիվ: Ես հույս ունեմ, որ այն նախագծերը, որոնք մենք իրականացնելու ենք Նինո Անանիաշվիլիի հետ, արդյունք կտան, և մենք այս տարի արվեստասերներին կզարմացնենք նոր ներկայացմամբ»,-ընդգծեց Կարեն Դուրգարյանը:

Նինո Անանիաշվիլին  երկրորդ անգամ է Հայաստանում, սակայն օպերային թատրոնի արտիստների հետ աշխատելու հնարավորություն չի ունեցել: Նա շնորհակալ է Թբիլիսիի, Մոսկվայի ու ԱՄՆ-ի իր բոլոր մանկավարժներին այն գիտելիքների համար, որոնք ձեռք է բերել, և որոնք կարող է փոխանցել գալիք սերունդներին, քանի որ  նրանք բալետային հրաշալի արվեստի շարունակողներն են:

«Դուք տաղանդավոր ժողովուրդ եք և շատ լավ տվյալներով պարողներ ունեք, իսկ հմտությունները զարգացելու գործում մեծ դեր կարող են խաղալ մանկավարժները,  խաղացանկը»,-նշեց պարուհին ու հավելեց՝ եթե իրենց թատրոնում եվրոպական կամ ռուսական որևէ բալետային ներկայացում են բեմադրում, անպայման այդ դպրոցների ներկայացուցիչների են հրավիրում, որպեսզի արտիստները նրանցից սովորեն:

«Բալետը բարդ արվեստ է, և շատերը խուսափում են բալետով զբաղվել, սակայն, եթե  կարողանում ես հաղթահարել դժվարությունները, բարձունքներ կարող ես նվաճել և վայելել բալետի լեզուն, որը միջազգային է ու սահմաններ չունի»,-ընդգծեց Անանիաշվիլին:

Անանիաշվիլիին քննադատները համարել են դասական բալետի անվիճելի գերաստղ: Նա կարծում է, որ  բալետային արվեստում բարձունքների հասնելու համար ոչ միայն լավ դպրոց,  այլև բնատուր տվյալներ, խելք ու համբերատարություն է անհրաժեշտ:  «Ճիշտ չէ այն պնդումը, որ բալետում կարևորը գեղեցիկ ոտքերն են. պետք է նաև խելք, համբերատարություն, ինչի շնորհիվ հնարավոր է հաղթահարել դժվարությունները: Ե՛վ ծնողներս, և՛ մանկավարժներս հարցնում էին, թե կարո՞ղ եմ համբերատար լինել, և ես պատասխանում էի, որ կարող եմ: Ասում էին, որ մեկնելով Մոսկվա՝ ես վերջինն եմ լինելու: Երբ մեկնեցի, հասկացա, որ վերջինը չեմ, ուստի ցանկացա ավելի լավը դառնալ: Ներքին ուժ է պետք ու մանկավարժների, ծնողների աջակցությունը»,-վստահեցրեց պարուհին, որն ավելի քան քսան տարի պարել է Ռուսաստանի Մեծ թատրոնում, սակայն կարողացել է ապացուցել՝ հնարավոր է մնալ հարազատ թատրոնում, սակայն փայլել նաև այլ բեմերում:

«Ես միշտ սիրով եմ վերադարձել նաև Թբիլիսիի թատրոն, որտեղ ելույթ ունենալն այլ զգացում է: Անհնար է փոխանցել այն ապրումները, որոնք  ունենում էի իմ ժողովրդի առջև ելույթ ունենալիս»,-եզրափակեց Նինո Անանիաշվիլին:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]