Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի. Քերոբյան

Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի. 
Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է՝ եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ Հայաստանի դասավորվեն, և Թուրքիայի հետ սահմանը բացվի, ապա Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրա դրական էֆեկտը:  Քերոբյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից վերջերս Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման արգելքը հանելու որոշմանը և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին:  

«Մեր տեղեկություններով դեռևս կանոնավոր օդային բեռնափոխադրումներ տեղի չեն ունենում: Եվ, ճիշտն ասած, հաշվի առնելով երկրների իրար մոտ լինելը՝ հավանական է, որ չլինեն էլ, քանի որ տրանսպորտային կապը ցամաքով՝ Վրաստանի միջոցով, բավականին մատչելի է: Եվ օդային հաղորդակցությունն առաջին հայացքից այդքան էլ գրավիչ չէ»,-ասաց Քերոբյանը:

HM2_9548.JPG (539 KB)

Նախարարը, այնուամենայնիվ, չբացառեց, որ որոշակի ապրանքատեսակների համար այսպիսի կանոնավոր փոխադրումներ տեղի ունենան:

HM2_9570.JPG (548 KB)

«Համենայնդեպս, օդային ուղևորափոխադրումների հետ մեկտեղ նաև բեռներ էլ են տեղափոխվում, որն ըստ էության, օդային բեռնափոխադրումների մի տարատեսակ է: Ուղղակի բեռնատար օդանավեր չկան դեռ, գուցեև չլինեն էլ: Մենք դրա համար առանձնապես շատ չենք անհանգստանում»,-ասաց նախարարը:

Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման ազդեցությանը տնտեսության վրա՝  Քերոբյանն ասաց. «Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի, քանի որ թուրքական շուկան, հաղորդակցությունների բացումը տալու է լայն հնարավորություն, հասանելիություն՝ թե հենց թուրքական շուկային, թե մերձավորարևելյան երկրներ ապրանքներ տեղափոխելու մասով: Այս ամբողջը, բնականաբար, պետք չէ լոկալ, փոքր պատկերով նայել: Սա մեծ պատկերի փոքր մաս է: Եվ, եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ մեզ դասավորվեն, և մենք ի վերջո հասնենք այդ պահին, ապա վստահ եմ, որ Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրական էֆեկտը»:

HM2_9630.JPG (487 KB)

Անդրադառնալով սահմանի բացման պայմաններում Հայաստանի արտադրողների համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ բնականաբար ռիսկեր էլ կլինեն, բայց Կառավարությունը լուրջ աշխատանք է կատարում: Որպես օրինակ նա նշեց մշակող արդյունաբերության և մի շարք այլ ոլորտների ընկերություններին աննախադեպ աջակցության մասին, որպեսզի ընկերությունները, օգտագործելով նաև տնտեսական բարձր աճի տված հնարավորությունները, կարողանան արդիականացնել իրենց բիզնեսը, թվայնացնել, սարքավորումները, պրոցեսները թարմացնել և դառնալ բարձր արտադրողական և մրցունակ ընկերություններ: «Անցյալ տարվա տվյալներով՝ 56 մլրդ դրամի գործարք ենք ֆինանսավորել, որի արդյունքում 901 պայմանագիր է կնքվել՝ նոր սարքավորումների ձեռքբերման և բիզնեսներում օգտագործման համար»,-ընդգծեց Քերոբյանը:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Օպերատորներ՝ Հովհաննես Մկրտչյան, Հայկ Բարսեղյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]