Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները. Միրզոյան

Ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի 
քննարկումները. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոնե մինչև այս պահը ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, զուգահեռ կատարում է սադրիչ գործողությունները՝ արգելափակելով Լաչինի միջանցքը և խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե դեկտեմբերին սկզբին հայկական կողմի՝  Ադրբեջանին փոխանցած խաղաղության պայմանագրի առաջարկներին մինչև այս պահն ի՞նչ արձագանքներ կան:

Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո հայկական կողմը չի մասնակցել Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը ենթադրաբար պետք է  շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները: Բայց միևնույն ժամանակ հայկական կողմն իր խմբագրական առաջարկները՝ կից հիմնավորումներով  ներկայացրել է ադրբեջանական կողմին և այժմ սպասում է արձագանքի:

«Թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է կամ արգելակում է կամ ոչ կառուցողական է խաղաղության այս գործընթացում, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների գործընթացում: Մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, և ահա ադրբեջանական կողմի պատասխանը պետք է լինի: Դա  մինչև այս պահը չկա: Ստացվում է, որ անկախ հանդիպումների հանգամանքից՝  գոնե մինչև այս պահը ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները: Զուգահեռաբար տեսնում ենք սադրիչ գործողությունները և Լաչինի միջանցքում, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումներն Ադրբեջանի կողմից»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե արդյոք ճի՞շտ են մամուլում տարածված տեղեկությունները, որ ԵՄ-ի կողմից ՀՀ է ուղարկվելու նոր երկարաժամկետ դիտորդական առաքելություն՝ Միրզոյանը նախ հայկական կողմի գնահատանքը հնչեցրեց նախորդ դիտորդական առաքելության իրականացման կապակցությամբ: «Այդ առաքելությունը կարևոր գործառույթ կատարեց՝ ՀՀ-Ադրբեջան միջազգային սահմանին լարվածության աճի կամ հետագա էսկալացիայի կանխման գործում: Մենք նոր լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում միայն աջակցող ու կառուցողական դերակատարում կունենանք: Անշուշտ, մենք դրական ենք վերաբերվում այդ քննարկմանը, դրական կվերաբերվենք, եթե այդպիսի որոշում ընդունվի ԵՄ կողմից և տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ»,-ասաց ԱԳ նախարարը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am