Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միջազգային հանրության անգործությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես իրենց հանցավոր գործողությունների լուռ խրախուսում. Արցախի ԱԳՆ

Միջազգային հանրության անգործությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից 
դիտարկվում է որպես իրենց հանցավոր գործողությունների լուռ խրախուսում. 
Արցախի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

«2022 թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել են Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը։

Դրա հետևանքով Հանրապետությունում օրեցօր սրվում է առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, պարենի և վառելիքի պակասը։ Շրջափակման կործանարար ազդեցությունը խորացնելու նպատակով Ադրբեջանը փակել էր իր կողմից օկուպացված տարածքներով Հայաստանից Արցախ հասնող գազի մատակարարումը։ Հետագայում գազամատակարարումը վերականգնվել է, սակայն 2023 թ․ հունվարի 9-ին դադարեցվել է Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի վթարի պատճառով, որը ևս անցնում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքով։ Մինչ այսօր Ադրբեջանը միտումնավոր խոչընդոտում է վթարավերականգնողական աշխատանքները, ինչը վկայում է նրա քայլերի կանխամտածվածության մասին։ Այսպիսով, Ադրբեջանի գործողությունները 120 000 բնակչություն ունեցող Արցախը կանգնեցրել են հումանիտար աղետի շեմին։

Արցախի շրջափակումը 2020 թ․ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ուղղակի շարունակությունն է։ Չկարողանալով Արցախի ժողովրդին իր հայրենիքից վտարել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը զինադադարի հաստատումից ի վեր, ավելի քան երկու տարի, հետևողական փորձեր է ձեռնարկում քիչ ակնհայտ, բայց ոչ պակաս անմարդկային մեթոդներով իր հանցավոր նպատակներին հասնելու համար։

Ադրբեջանի ձեռնարկած քայլերի ամբողջությունը և նրա բարձրագույն ղեկավարության՝ Բաքվի իրական մտադրությունները բացահայտող պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ Արցախի Հանրապետության շրջափակումը Ադրբեջանի քաղաքականության հերթական գործիքն է՝ ուղղված Արցախի ժողովրդի ոչնչացմանը։ Միտումնավոր ստեղծելով անտանելի կենսապայմաններ՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում խարխլել Արցախի ժողովրդի ընդհանրությունն ու ամբողջությունը՝ պարտադրելով օտարացում իր պատմական հայրենիքից և հրաժարում սեփական հավաքական իրավունքների իրացումից։ Ադրբեջանի գործողությունները, անկասկած, նրա ցեղասպան քաղաքականության շարունակությունն են»,- ասված է հայտարարության մեջ:

Արցախի ԱԳՆ-ն կ է անում պետություններին, որոնք գործում են և՛ անհատապես, և՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անհապաղ կանխարգելելու ցեղասպան գործողությունները, որոնք Ադրբեջանը համակարգված կերպով իրականացնում է Արցախի ժողովրդի դեմ՝ բացարձակ անպատժելիության մթնոլորտում։

«Միջազգային հանրությունն ունի անհրաժեշտ գործիքակազմը և իրավական բոլոր հիմքերը՝ միջամտելու Արցախում ստեղծված և օրեցօր վատթարացող իրավիճակին։ Վերահաս աղետի համատեքստում միջազգային հանրության անգործությունն անընդունելի է, այդ թվում նաև այն պատճառով, որ դա Ադրբեջանի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես իրենց հանցավոր գործողությունների լուռ խրախուսում»,- նշվում է հայտարարության վերջում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am