Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արցախի սուբյեկտայնություն, անվտանգություն, աշխարհի ուշադրություն. պետնախարարը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարարին

Արցախի սուբյեկտայնություն, անվտանգություն, աշխարհի ուշադրություն. 
պետնախարարը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարարին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը  հունվարի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետությունում Արցախի Մշտական ներկայացուցչի պաշտոնը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, պետական նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Դավիթ Բաբայանին 2020 թվականի պատերազմից հետո՝ դժվարին ժամանակաշրջանում արտաքին գերատեսչության ղեկավարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու և իր առաքելությունն ազնվորեն իրականացնելու համար։ Այնուհետև  երախտագիտություն է հայտնել Սերգեյ Ղազարյանին Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ճգնաժամային պայմաններում նախարարի պաշտոնում նշանակվելու բարդ որոշումն ընդունելու համար։

Ըստ աղբյուրի՝ Սերգեյ Ղազարյանը ևս շնորհակալություն է հայտնել Դավիթ Բաբայանին՝ պատերազմից անմիջապես հետո նման պատասխանատու առաքելությունը ստանձնելու համար և նշել, որ պատրաստ է անել առավելագույնը՝ պատվով հաղթահարելու առաջացած դժվարությունները։

«Խոսելով ստեղծված իրավիճակում երկրի համար կարևորագույն ուղղությունների մասին՝ պետնախարարն առանձնացրել է երեք նպատակ՝ պահպանել Արցախի սուբյեկտայնությունը, ապահովել անվտանգությունը և աշխատել, որպեսզի Արցախը հայտնվի արտաքին աշխարհի ուշադրության կենտրոնում։

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ առաջիկայում այդ նպատակների իրագործմանն են ուղղվելու բոլորի և, մասնավորապես, Արցախի ԱԳՆ ջանքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԳ նորանշանակ նախարարը, Արցախի Հանրապետության շրջափակմամբ պայմանավորված, առայժմ իր գործունեությունը կիրականացնի Հայաստանից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am