Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանի գործողությունները հարցեր են առաջացնում այդ երկրի պայմանագրունակության վերաբերյալ. Փաշինյան

Ադրբեջանի գործողությունները հարցեր են առաջացնում այդ երկրի 
պայմանագրունակության վերաբերյալ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր. Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը միջանցքն ապաշրջափակելու միջազգային կոչերի լայն արձագանք է հարուցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չնայած սրան՝ Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ։ Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ»,- ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է։

«Էական է նաև արձանագրել, որ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց իմ համոզմամբ ամենախորը և իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում և միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը։ Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում, և Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,- եզրափակեց վարչապետը։

Անդրադառնալով տարածաշրջանում ներկա իրավիճակին՝ վարչապետը կրկին վերահաստատեց Հայաստանի Հանրապետության հավատարմությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններին, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման պայմանավորվածություններին, որոնք արձանագրված են հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ։ «Պետք է ընդգծեմ նաև, որ Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը էլ ավելի անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը և անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 30-ին իր որոշմամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։

«Խումբն արդեն մի քանի նիստ է արել և կայացնում է իրավիճակից բխող հումանիտար բնույթի որոշումներ և գործունեությունը կշարունակի այնքան, որքան անհրաժեշտ է»,- եզրափակեց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am