Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Փայլանը ԼՂ շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ պատասխանատվություն ստանձնելու կոչ է արել Էրդողանին

Փայլանը ԼՂ շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ պատասխանատվություն 
ստանձնելու կոչ է արել Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին

կոչ է արել պատասխանատվություն ստանձնել՝ ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ՝ ընդգծելով, որ ժամ առաջ պետք է վերջ տրվի այդ շրջափակմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գարո Փայլանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Լաչինի միջանցքը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող հաղորդակցության միակ ճանապարհն է, իրենք իրենց «բնապահպան» համարող ադրբեջանցիների մի խմբի և Ադրբեջանի պաշտպանության պաշտոնյաների կողմից փակ է պահվում ավելի քան երկու շաբաթ։ Լաչինի միջանցքի փակ լինելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղում սննդի, դեղի, հիմնական կարիքները ապահովելու տագնապը հետզհետե աճում է։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությունը շրջափակման մեջ է։ Մարդկային տագնապի վերածվող այս շրջափակմանը ժամ առաջ պետք է վերջ տրվի»:

Նա շեշտել է՝ Թուրքիան չպետք է անտարբեր մնա Լեռնային Ղարաբաղի հետզհետե աճող այս մարդկային տագնապի հանդեպ։ Քաղաքական ուժերը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկեն։ «Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ պատասխանատվություն ստանձնելու կոչ եմ ուղղում նախագահ Էրդողանին»,- նշել է Փայլանը:

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավորն ընդգծել է, որ Կովկասում խաղաղության հաստատումը Թուրքիայի օգտին է։ «Եթե Լեռնային Ղարաբաղում մարդկային տագնապին վերջ տալու համար բոլորս պատասխանատվություն ստանձնենք՝ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և թե՛ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, կկարողանանք վերադառնալ դրական օրակարգի»,- եզրափակել է Փայլանը:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am