Տնտեսություն

ԿԲ-ն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար. ԿԲ փոխնախագահի թեկնածու

2 րոպեի ընթերցում

ԿԲ-ն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար. ԿԲ փոխնախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի փոխնախագահի թեկնածու Արմեն Նուրբեկյանը նկատել է, որ գնաճի առաջանցիկ ցուցանիշները որոշակիորեն սկսել են նվազել և վստահեցնում է՝ ԿԲ-ն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նուրբեկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը:

«2022 թվականի փետրվարին տեղի ունեցավ մեծ շոկ, որը ստեղծեց լուրջ գնաճային ճնշումներ: Գնաճային ճնշումների առաջին աղբյուրը միջազգային ապրանքահումքային գներն էին, իսկ երկրորդը՝ Հայաստանում արտաքին պահանջարկի շեշտակի աճը, ինչը պայմանավորված է ՌԴ-ից, Բելառուսից և Ուկրաինայից միջազգային այցելուների մեծ աճով»,-ասաց Նուրբեկյանը:

ԿԲ-ն այս իրավիճակում իր հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է՝ հասցնելով 10.75 տոկոս մակարդակի: Արդյունքում, թեկնածուի խոսքով՝ այս պահի դրությամբ ունենք 8.8 տոկոս գնաճ, որը Հայաստանի հետ համեմատելի երկրների համեմատ շատ ավելի ցածր է, և 10.75 տոկոս տոկոսադրույքի մակարդակ, որը ևս Հայաստանի հետ համեմատելի երկրների համեմատ շատ ավելի ցածր է:

«Այս պահի դրությամբ գնաճի առաջանցիկ ցուցանիշները որոշակիորեն սկսել են նվազման միտումներ ցուցաբերել, բայց իհարկե, դեռևս շատ վաղ է այս հարցը լուծված համարելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ, երբ խոսում է համեմատաբար ցածր գնաճի մասին, ի նկատի ունի միջազգային կոնտեքստն ու ստեղծված դժվար պայմաններն աշխարհում:

Նուրբեկյանը նշեց՝ հաշվի առնելով հատկապես պարենային ապրանքների բարձր գնաճը՝ գիտակցում է, որ շատ հայրենակիցների համար այս գնաճը ստեղծում է շատ մեծ դժվարություններ: «Իմ ուղերձն այստեղ շատ հստակ է՝ ԿԲ-ն ամեն ինչ անելու է՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար»,-շեշտեց նա:

Արմեն Նուրբեկյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում