Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արցախից Հայաստան տեղափոխված պացիենտը կենթարկվի սրտի բաց վիրահատության

Արցախից Հայաստան տեղափոխված պացիենտը  կենթարկվի  սրտի բաց 
վիրահատության

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախից Հայաստան տեղափոխված  պացիենտին՝ 62 ամյա տղամարդուն, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել են կորոնարոգրաֆիա, որի արդյունքում պարզվել է, որ հիվանդին պետք է ուղարկել Երևան՝ սրտի բաց վիրահատական միջամտություն իրականացնելու համար: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում բուժառուի մասին մանրամասներ հայտնեց Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը՝ ընդգծելով, որ Նորք Մարաշ հիվանդանոցի հետ արդեն բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել:

«Սակայն, երբ  ճանապարհը փակվեց,  բուժառուին նշանակվեց դեղորայքային բուժում տան պայմաններում, որտեղ նա սպասում էր ճանապարհների բացվելուն:  Բայց նա երկար նման վիճակում չէր կարող սպասել: Կարմիր խաչից եղավ որևէ պացիենտի Երևան տեղափոխելու առաջարկ, և որոշվեց հենց  սրտային պաթոլոգիայով այդ պացիենտին տեղափոխել »,- ասաց  Մհեր Մուսայելյանը:

Նա նաև նշեց, որ այս պահին հիվանդանոցում ունեն ստացիոնար բուժում ստացող 92 պացիենտ, որոնցից 11-ը վերակենդանացման բաժանմունքում են:

«Եթե պացիենտները վերակենդանացման բաժանմունքում են  գտնվում, չի նշանակում,  որ նրանք Երևան տեղափոխվելու կարիք ունեն: Մեր կենտրոնը նորմալ աշխատել է ու շարունակում է աշխատել: Մինչև այս իրավիճակն էլ մենք շատ քիչ պացիենտների ենք ուղարկել Երևան: Ուղարկում էինք միայն նրանց, որոնց չէինք կարող մեզ մոտ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, ինչպես այսօրվա հիվանդին, քանի որ մենք չունենք կենտրոն, որտեղ սրտի  բաց եղանակով վիրահատություն են իրականացնում: Նման վիրահատություն իրականացնում են միայն Երևանում»,- ասաց նա:

Մուսաելյանի խոսքով՝ մյուս բոլոր ծանր հիվանդներին իրենք  կարողանում են սպասարկել, քանի որ  վերակենդանացման բաժանմունքը հագեցած է բոլոր  անհրաժեշտ պարագաներով:

Նա ընդգծեց, որ, բարեբախտաբար, այս պահին դեռևս դեղորայքի պակաս չունեն, որովհետև անցել են ավելի խնայողաբար ռեժիմով աշխատանքի: «Այս պահին դեռևս իրավիճակին տիրապետում ենք, իսկ երկար շարունակվելու դեպքում, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն»,- մանրամասնեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am