Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանում ստեղծվել է ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը` ԱՌՖԻ-ն

Հայաստանում ստեղծվել է ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը` ԱՌՖԻ-ն

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել է ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն (ARFI - Armenia Financed): Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱՌՖԻ-ի հանրային կապերի բաժնից, այն բացառիկ հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր տեխնոլոգիական ստարտափ նախագծերում և դառնալ դրանց մի մասը։

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 29-ի նիստի որոշմամբ գրանցվել և լիցենզավորվել է հարթակի օպերատոր ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը (լիցենզիայի համար՝ ՆԸ0023): Այսօրվանից մեկնարկել է ընկերությունների հետ համագործակցության և հայտերի ընդունման գործընթացը: Աշխատանքներ են տարվում նաև մի շարք աշխարհահռչակ հայերի հետ՝ ԱՌՖԻ հարթակի հաջողությանը տարբեր ձևաչափերով ներգրավելու ուղղությամբ։ Հարթակում ներդրումներ հնարավոր կլինի իրականացնել 2023 թվականի սկզբին։

ԱՌՖԻ հարթակի հիմնական նպատակներն են Հայաստանում ընկերությունների համար աճի ֆինանսավորման նոր հնարավորությունների ստեղծումը, երկրում այլընտրանքային ներդրումային գործիքակազմի ընդլայնումը, Հայաստանում բիզնես միջավայրի զարգացումն, ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը։

Հարթակում ներկայացվելու են բազմաթիվ բիզնես նախագծեր, նրանց ստեղծման պատմությունները, զարգացումն ու ֆինանսական կանխատեսումները:

Ընկերությունները հարթակի միջոցով հնարավորություն կստանան տեղաբաշխել բաժնետոմսեր և պարտատոմսեր:

18 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ աշխարհի ցանկացած կետից կկարողանա հարթակի միջոցով ներդրումներ կատարել այն նախագծերում, որոնց հաջողությանը հավատում է: Սա եզակի մոտեցում է, որը պաշտպանում և հավելյալ եկամուտ ստանալու հնարավորություն է տալիս ներդրողներին՝ միաժամանակ օգնելով տեղական բիզնեսին զարգանալ:

«Մենք երկար էինք սպասել այս օրվան։ Ժամանակը ցույց կտա, բայց ես կարծում եմ այս օրը կհիշվի որպես Հայաստանի տնտեսական զարգացման և գործարար միջավայրի բարելավման օր։ Մենք վստահ ենք, որ ԱՌՖԻ-ն կլինի արդյունավետ գործիք՝ ամրապնդելու Սփյուռքի վստահությունը Հայաստանում թափանցիկ բիզնես գործունեություն ծավալելու հարցում»,- նշել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության խորհրդի նախագահ Սերգեյ Գրիգորյանը։

«Այս հարթակը եկել է համալրելու Հայաստանի ֆինանսական էկոհամակարգը, և ես վստահ եմ, որ դա իր մեծ ազդեցությունն է ունենալու Հայաստանի կապիտալ շուկայի զարգացման գործում»,- նշել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Էվոյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am