Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀՀ-ն պատրաստ է գնալ լուծումների, գուցե Ադրբեջանը չի ուզում, որ Հայաստանը եկամուտներ ստանա. Փաշինյանը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին

ՀՀ-ն պատրաստ է գնալ լուծումների, գուցե Ադրբեջանը չի ուզում, որ Հայաստանը 
եկամուտներ ստանա. Փաշինյանը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների՝ տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով, Հայաստանը ցանկանում է գտնել լավագույն երթուղին, խնդիրն այն է, որ, գուցե, Ադրբեջանը չի ուզում, որ ՀՀ-ն եկամուտներ ստանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:

«Երթուղիների հարցում մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չունենք, ես ոչ մի խնդիր չունեմ որևէ երթուղու հետ՝ բացառությամբ այն տրամաբանության, թե ինչքանով է դա տեխնիկապես իրագործելի: Մենք այդ նախագիծն անվանում ենք «Հայկական խաչմերուկ», որովհետև մենք ուզում ենք, որ այդ ճանապարհներից հնարավորինս շատ տրանսպորտային միջոցներ օգտվեն, հնարավորինս շատ բեռներ փոխադրվեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հնարավորինս շատ եկամուտներ ստանա այդ բեռնափոխադրումից: Այս առումով ոչ մեկը մեզնից ավելի շահագրգիռ չի կարող լինել, որպեսզի դա լինի լավագույն երթուղին. հարմար, կարճ, տարին 12 ամիս հասանելի, անցանելի»,-ասաց Փաշինյանը:

Հայկական կողմը երբեք չի ասել, թե կա երթուղի, որի հետ ոչ մի դեպքում չի համաձայնի: Հայաստանն ընդհակառակը՝ հրավիրել է միջազգային փորձագետներ, առաջիկայում նրանք կգան:

«Մեզ պետք է լավագույն երթուղին գտնել: Ի վերջո, այդ ճանապարհները Հայաստանի հաշվին են կառուցվելու: Եվ, եթե մի ճանապարհ կառուցենք, միլիոնավոր դոլարներ ներդնենք, ու պարզվի, որ այդ ճանապարհը մարդկանց հետաքրքիր չի, անցուդարձ չկա, այդ ճանապարհը Հայաստանին եկամուտ չի բերում, կստացվի, որ Հայաստանի պետական բյուջեի գումարը մսխեցինք»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է միջազգային բեռնափոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներին:

Վարչապետը նշեց՝ ճանապարհը Ադրբեջանի արևմտյան շրջանները միացնելու է Նախիջևանին, սակայն նաև Կասպից ծովի բեռնափոխադրումները, Միջերկրական ծովի բեռնափոխադրումների մի որոշակի հատված անցնելու է այդտեղով:

«Եվ բնականաբար ՀՀ-ի ցանկացած իշխանություն պետք է շահագրգռված լինի, որ բեռափոխադրումները՝ և երկաթուղով, և ավտոճանապարհներով լինեն հնարավորինս շատ, որպեսզի հնարավորինս մեծ եկամուտներ բերեն Հայաստանին: Այս առումով խնդիրն այն է, որ գուցե Ադրբեջանը չի ուզում, որ ՀՀ-ն եկամուտներ ստանա: Դա ուրիշ հարց է, թող այդպես էլ ասեն: Գուցե Ադրբեջանը մտածում է, որ պետք է այս հարցն այնպես լուծել, որ Հայաստանը շարունակի շրջափակման մեջ մնալ: Այստեղ է խնդիրը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է: Ամբողջը տեղավորվում է այդ կոնտեքստում:

«Եվ Հայաստանը պատրաստ է գնա լուծումների: Եթե Ադրբեջանի համար սա իսկապես կոմունիկացիաների հարց է և ոչ թե էսկալացիայի մտացածին պատրվակ գտնելու թեմա, այդ հարցը գործնական լուծված է»,-եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am