Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՄՀ-ն նախատեսում է ավելի քան 165 միլիոն դոլար տրամադրել Հայաստանի կառավարության տնտեսական ծրագրին աջակցելու համար

ԱՄՀ-ն նախատեսում է ավելի քան 165 միլիոն դոլար տրամադրել Հայաստանի 
կառավարության տնտեսական ծրագրին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամը կաջակցի Հայաստանի կառավարության տնտեսական ծրագրին, որպեսզի երկիրը կարողանա ներդրումների, արտահանման վրա հիմնված տնտեսական աճ արձանագրել՝ միաժամանակ պահպանելով մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը հաղորդագրություն  է տարածել՝ նշելով, որ Հայաստանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել 3-ամյա համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որը դեռևս ենթակա է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի հաստատմանը. ակնկալվում է, որ  հարցը կքննարկվի 2022 թվականի դեկտեմբերին:

Նշվում է, որ Հայաստանի իշխանությունների խնդրանքով Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակիցների խումբը 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը եղել են Երևանում է ուսումնասիրելու երեքամյա տնտեսական ծրագիրը: Հայաստանում ունեցած հանդիպումներից և քննարկումներից հետո Հայաստան ժամանած ԱՄՀ պատվիրակության ղեկավար Իվա Պետրովան հայտարարել է, որ Հայաստանն ու Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնության են հասել համաձայնագրի շուրջ, որը ենթադրում է շուրջ 165.6 միլիոն դոլարի հատկացում Հայաստանին՝ մակրոտնտեսական, ֆիսկալ և ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված տնտեսական ծրագրին աջակցելու համար:

Արժույթի միջազգային հիմնադրամը 2022 թվականին Հայաստանի համար 11 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել՝ արտաքին եկամուտների, կապիտալի և աշխատուժի ներհոսքի հաշվին: Նշվում է նաև, որ դրամի արժևորումը հանգեցրել է երկրի պետական պարտքի նվազմանը, որն այս տարվա արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 51 տոկոսն այն դեպքում, երբ 2021 թվականին պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 60.3 տոկոսը:

Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ 2023 թվականին տնտեսական աճը կդանդաղի և միջնաժամկետ կտրվածքով կմնա 4-5 տոկոսի միջակայքում։

«Ակնկալվում է, որ 2023 թ.-ին տնտեսական աճի տեմպը կդանդաղի՝ արտացոլելով արտաքին ավելի թույլ պահանջարկը և համաշխարհային ֆինանսական ավելի խիստ պայմանները և միջնաժամկետ հեռանկարում կպահպանվի 4-5 տոկոս միջակայքում։ ՍԳԻ գնաճը կանխատեսվում է, որ դրամավարկայինխիստ քաղաքականության օժանդակությամբ և արտաքին ցնցումների ազդեցությանթուլանալուն զուգընթաց աստիճանաբար կմոտենա ՀՀ ԿԲ միջնաժամկետ թիրախին։ Ընթացիկ հաշվի պակասուրդը, որն ընդլայնվել է տնտեսության արագ աճի հետ, ակնկալվում է, որ աստիճանաբար կնվազի մինչև ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսը։ Հեռանկարի նկատմամբ ռիսկերը հիմնականում արտաքին են։ «Ելնելով խիստ անորոշ հեռանկարից և գերտաքացման ռիսկերից՝ անհրաժեշտ է, 2023 թ. -ի բյուջեում խուսափել պահանջարկի ավելորդ ճնշումներ ստեղծելուց։ Բյուջեի փաթեթի շրջանակում առաջնահերթությունն անհրաժեշտ է տալ բարձրորակ ծախսերին և սոցիալական ապահովության ցանցի հզորացմանը։ Խիստ անհրաժեշտ կապիտալ ծախսերի ավելացմանն անհրաժեշտ է օժանդակել հանրային ներդրումների կառավարման գործընթացի բարեփոխումների ընդլայնմամբ՝ ռազմավարական, թափանցիկ և հետևողական ծրագրերի ընտրություն և ժամանակին ու արդյունավետ իրականացում ապահովելու համար։ Կանոնահենք հարկաբյուջետային շրջանակին շարունակական համապատխանությամբ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազման ուղու վրա կպահպանվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ավելի թափանցիկ, արդար և շրջակա միջավայրի համար նպաստավոր հարկման համակարգի և եկամուտների ավելի հզոր վարչարարության որդեգրմանն ուղղված իշխանությունների ջանքերը կօժանդակեն եկամուտների ավելացման կառավարության նպատակներին և տարածք (հնարավորություն) կստեղծեն խիստ անհրաժեշտ զարգացման ծախսերի համար։ ԱՄՀ-ն ողջունելի է համարում նաև Կառավարության՝ ծախսերի արդյունավետության և արդյունքայնության բարձրացման, հանրային ֆինանսների կառավարումը բարելավելու, այդ թվում՝ հարկաբյուջետային ռիսկերի լավ կառավարման, թափանցիկության և ղեկավարման և ավելի որակյալ հանրային ներդրումների ապահովման ծրագրերը։ «Դրամավարկային քաղաքականության ներկա դիրքը պատշաճ է, և քաղաքականության հետագա փոփոխություններն անհրաժեշտ է, որ պայմանավորվեն գնաճի և գնաճի սպասումների էվոլյուցիայով։ Կապիտալի շուկայի զարգացումը խթանելու և ֆինանսական ներառումը խորացնելու ջանքերը կշարունակեն մեծացնել դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմի արդյունավետությունը։ Աշխատակազմը ողջունում է ՀՀ ԿԲ շարունակական հանձնառությունը ճկուն փոխարժեքի ռեժիմին, ինչը շատ լավ է ծառայել Հայաստանին հաջորդական արտաքին ցնցումների պայմաններում և պահուստների առողջ բուֆերների պահպանմանը։ 3 «Ռիսկերի շրջահայաց կառավարման և ներգործուն վերահսկողության շնորհիվ բանկային համակարգը լավ կապիտալացված է և իրացվելի։ Ֆինանսական ոլորտի ռիսկերի շարունակական մոնիթորինգը և մակրոպրուդենցիալ գործիքների կատարելագործումը կօգնեն նվազեցնել բնակարանների գների և հիփոթեքային վարկավորման արագ աճին առնչվող ռիսկերը։ Աշխատակազմը ողջունում է ՀՀ ԿԲ-ի՝ ռիսկերի վրա հիմնված բանկային վերհսկողության ամրապնդման և բանկերի կողմից իրենց ռիսկերի կառավարման կարողության զարգացումը խրախուսելու, ինչպես նաևբանկերի վերակառուցման կատարելագործված համակարգ մշակելու ծրագրերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Շեշտվում է, որ Կառավարության կառուցվածքային բարեփոխումների օրակարգը պատշաճ կերպով կենտրոնանում է բիզնես միջավայրի բարելավման, արտադրողականության բարձրացման, գործազրկության և աղքատության կրճատման և կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հրատապ մարտահրավերների դիմագրավման վրա։

«Նշված նպատակների իրագործման համար պահանջվում է ավելի ամուր առևտրային կապերի ստեղծում, հաղորդակցությունների օժանդակման համար ենթակառուցվածքների կառուցում, տրանսպորտի, հողի և ջրի կառավարման բարելավում և կանաչ էներգիայի արտադրության խթանում, ֆինանսական ծառայությունների հասանելիության և աշխատուժի մասնակցության խրախուսում, կառավարման բարեփոխումների ավարտում և ոչ ֆորմալության կրճատում։ Թվայնացման հավակնոտ ջանքերով անհրաժեշտ է առաջնորդել պետական կառավարման բարեփոխումները և բարելավել հանրային ծառայությունների որակն ու մատուցումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄՀ թիմը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին, մասնավոր հատվածին և զարգացման գործընկերներին՝ արգասաբեր քննարկումների և համագործակցության համար։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am