Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սփյուռքը Հայաստանի հուսալի գործընկերն է, դրա վառ ապացույցը լայն թափով տեղի ունեցող հայրենադարձությունն ու կապիտալի ներհոսքն է. փոխվարչապետ

Սփյուռքը Հայաստանի հուսալի գործընկերն է, դրա վառ ապացույցը լայն թափով տեղի 
ունեցող հայրենադարձությունն ու կապիտալի ներհոսքն է. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի հարյուրավոր համայնքներից Երևան ժամանած հայրենակիցների մասնակցությունը հայկական աշխարհի համախմբմանն ուղղված այս կարևոր միջոցառմանը հնարավորություն է տալիս միասին քննարկելու, գտնելու ու մշակելու Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի շարունակական զարգացման նոր հնարավորությունները, փոխգործակցության շահավետ ձևաչափերը, մատնանշելու առաջնահերթություններն ու կյանքի կոչելու հայանպաստ ծրագրերը: Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում նշել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսանը

«Ժամանակակից աշխարհը, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, թևակոխել է գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջան, որում առկա են լրջագույն մարտահրավերներ՝ սկսած անվտանգության խնդիրներից մինչև ինքնության պահպանում, տնտեսական զարգացման իրողություններից մինչև դրանց հաղթահարմանն ուղղված նորարար լուծումներ առաջարկելու անհրաժեշտություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում նշել է Համբարձում Մաթևոսյանը և այդ համատեքստում ընդգծել, որ միմիայն Հայաստանի Հանրապետության, Արցախի և աշխարհասփյուռ հայության ջանքերի համախմբման շնորհիվ կարող ենք հաղթահարել ներկա մարտահրվերները, նոր որակ հաղորդել և ինստիտուցիոնալ նոր մակարդակի հասցնել գործակցությունը՝ դրան հաղորդելով հայաստանակենտրոն ու ռազմավարական բնույթ:

Ելույթի ավարտին փոխվարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովը բացառիկ առիթ է ամրապնդելու հայրենիք-սփյուռք կապերը, լսելի դարձնելու սփյուռքի համայնքների ձայնը, փոխանցելու այն կարևոր ուղերձը, որ Սփյուռքը Հայաստանի ամուր հենարանն ու հուսալի գործընկերն է, և որի վառ ապացույցը լայն թափով տեղի ունեցող հայրենադարձության գործընթացն է և կապիտալի ներհոսքը, ինչն էական է երկրի տնտեսական ցուցանիշների և ժողովրդագրական իրավիճակի  բարելավման տեսանկյուններից:

           


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am