Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Համայնքային գրադարանների թիվը զգալի կրճատվել է. ի՞նչ է առաջարկում նախարարությունը

Համայնքային գրադարանների թիվը զգալի կրճատվել է. ի՞նչ է առաջարկում 
նախարարությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրադարանների թիվը զգալի կրճատվել է: Նախորդ տարվա տվյալների համաձայն՝ հաշվառված է եղել 649 գրադարան, որից 12-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության պետական գրադարաններ են, 629-ը՝ համայնքային: Նախարարության վերջին տվյալների համաձայն՝ համայնքային գրադարանների թիվը դարձել է 370: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը:

«Գրադարանների թվի կրճատումը հիմնականում պայմանավորված է համայնքների խոշորացմամբ: Վերջին շրջանում մի քանի փուլով իրականացվեց համայնքների խոշորացում և դրան զուգահեռ որոշ գրադարաններ փակվեցին: Սա շատ լուրջ խնդիր է և մենք փորձում ենք ինչ-որ ձևով աջակցել համայնքային գրադարաններին»,-ասաց նախարարության ներկայացուցիչը:

Համայնքային գրադարաններն հենց համայնքների հոգածության ներքո են գործում: Եվ քանի որ համայնքները ֆինանսապես ապահովված չեն, հետևաբար չեն կարողանում պահպանել գրադարանի բնականոն գործունեությունը: Համայնքային գրադարանների մի մասը իրենց գրքերի հավաքածուները հանձնում են դպրոցներին, մի մասը դեռ պահում են, մինչև խնդրին լուծում կտրվի:

Խոսելով գրադարանների առջև ծառացած մարտահրավերներից՝ Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը նշեց, որ ամենակարևորը ժամանակակից տեխնոլոգիաներով համալրումն է, որպեսզի կարողանան ժամանակին համահունչ բավարարել ընթերցողների պահանջարկը: Դրանից բացի, առաջնային է նոր գրականությամբ համալրումը:  

«Թյուր կարծիք է, որ գրադարաններում այցելությունների թիվը կրճատվել է: Գրադարաններն ամեն ինչ անում են, որ ընթերցողներին ներգրավեն: Միջոցառումները բազմազան են՝ գրքերի շնորհանդեսներ, գրողների հետ հանդիպումներ, բանավեճեր, քննարկումներ: Այսօր նաև մեր խնդիրն է գրապահոցները համալրել նոր, ժամանակակից գրականությամբ»,-ասաց Մարիամ Համբարձումյանը:

Գրադարանները գրքերով համալրելու խնդիրը բարձրաձայնեց նաև Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ  Ամիրյանը: Նա տեղեկացրեց, որ պետության կողմից սուբսիդավորման գումարը կրկնապատկվել է, ինչը որոշակի խնդիրը լուծում է, սակայն դիմում են նաև այլ միջոցներին՝ բարեգործություն, նվիրատվություն:

«Այստեղ հրատարակիչներն էլ անելիք ունեն: Պետք է հրատարակեն այնպիսի գրականություն, որ իսկապես հետաքրքրիր է ընթերցողներին և այն ինչ պահանջված է: Կոնկրետ կրթական ծրագրերին վերաբերող գրականություն չենք կարողանում գրախանութներում ճարել, վաճառքում չկան մասնագիտական գրքեր»,-ասաց Գևորգ Ամիրյանը:

Խոսելով համալրումների խնդրից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը տեղեկացրեց, որ նախարարության ենթակայության տակ գործող մարզային գրադարաններին տարեկան 2 մլն դրամ է հատկացվում նոր գրականություն ձեռք բերելու համար: Տարբեր ծրագրերի շրջանակում փորձում են աջակցել նաև համայնքային գրադարաններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am