Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ջո Բայդենը Հայաստանի բարեկամն է. դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին ենք. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

Ջո Բայդենը Հայաստանի բարեկամն է. դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին ենք. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները  հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ Երևանում, «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում իր ելույթում:

Փելոսին նախ ընդգծեց, որ ինքն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն է, որ այցելում է Հայաստան: «Ես հիմա կանգնած եմ երկու երկրների դրոշների մեջտեղում, սա փաստում է Հայաստանի հետ մեր գործընկերությունը»,-նշեց Փելոսին:

Նա ԱՄՆ կոնգրեսի շնորհավորանքները հղեց Հայաստանի՝ սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի անկախության տոնին ընդառաջ:

«Սա մեզ համար, կարծես, ընտանեկան այցելություն է: Մենք (հեղ.-կոնգրեսականները) այնպիսի տարածքներից են ընտրված, որտեղ ամերիկահայերը շատ մեծ թիվ են կազմում: Նրանք հայրենասեր ամերիկացիներ են և շատ հպարտ են իրենց հայկական ծագումով: Նրանք այդ մասին մեզ շատ հստակ ասել են: Մենք հետևում ենք հայաստանյան մարտահրավերներին՝ նաև մեր ընտրողների աչքերով»,- նշեց խոսնակը:

Նա ընդգծեց՝ շատ հպարտ են, որ ի վերջո կարողացան ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: «Ջո Բայդենը Հայաստանի բարեկամն է, և մենք հպարտ ենք, որ նա ստորագրեց, նաև ՀՀ վարչապետին հրավիրեց ժողովրդավարության գագաթնաժողովին, որը շատ կարևոր իրադարձություն էր: Այստեղ եմ ես՝ ասելու, որ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը: Եվ մենք դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին ենք, երբ պայքար է ընթանում ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև։ Հայաստանն այն վայրն է, որտեղ  մենք կարող ենք այս հակասություններին ակնառու տեսնել»,-ասաց Փելոսին:

Ըստ խոսնակի՝ իր այցը Հայաստան նախատեսված էր ավելի վաղ՝ անցյալ շաբաթվանից:

«Սակայն այնպես ստացվեց, որ մենք այստեղ եկանք այն պահին, երբ կարող ենք անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի, սպառնալի գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային կայուն, խաղաղ գործընթացին: ԱՄՆ-ն վաղուց նշել է, որ այս հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ»,- ասաց Փելոսին:

Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ն հետևում է այս խնդրին, նախագահ Բայդենի և Կոնգրեսի համար սա առաջնահերթ ուղղություն է:

«Մեր պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ քննության առնելու անվտանգության, ժողովրդավարության, տնտեսության հետ կապված հարցերը»,-նշեց Ներկայացուցիչների պալատի խոսնակը:  

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պաշտոնական այցով Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին: Երևանում Փելոսին արդեն հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Նա հանդիպում կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։  Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am