Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ հայկական զինված ուժերը 6 դիրք են հետ վերցրել

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ հայկական զինված ուժերը 6 դիրք են հետ վերցրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հարթակներում ադրբեջանական ագրեսիան դատապարտող արձագանքներն ուղղակիորեն կապված են Հայաստանի զինված ուժերի հստակ պաշտպանական գործողությունների իրականացման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախորդ օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ հրավիրված հրատապ նիստին:

«Միջազգային հարթակներում այս արձագանքներն ուղղակի կապված են մեր ԶՈՒ-ի հստակ պաշտպանական գործողությունների իրականացման հետ: Եթե մենք չկռվեինք այնպես, ինչպես կռվել ենք, այսպիսի արձագանքներ պարզապես չէին լինի»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի օկուպացրած 10 քառ կմ տարածքին և դրանց ռազմավարական նշանակության վերաբերյալ հարցին՝ Քոչարյանն ասաց. «Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն: Եվ այս գործողություններով, ամենայն հավանականությամբ, նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել: Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ, խոսքը 6 դիրքի մասին է: Շատ հնարավոր է, որ դա նորից փոփոխությունների ենթարկվի»:

Նա կարևորեց հիմա հրադադարի ռեժիմը պահելը, որպեսզի հայկական կողմի ուժերը վերադասավորման փուլ անցնեն, կորուստները վերականգնվեն, ռեզերվները լիարժեք անցնեն պատրաստման փուլ: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ, անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին, ընդգծեց, որ հնչել են հասցեական, իրավիճակի իրական գնահատականներ, ինչը ողջունելի համարեց: Պատգամավորը սա համարում է դիվանագիտական աշխատանքի արդյունք:

«Եվ մենք հույս ունենք, որ միջազգային հանրության ճնշման ներքո ագրեսորը կդադարեցնի իր գործողությունները»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի հայտարարությունները հիմք են լինելու մեր հետագա դիվանագիտական աշխատանքների և միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա մեծացնելու համար:

ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 15-ին  հրատապ նիստ անցկացրեց՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ ՀՀ դիմումի հիման վրա:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am