Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հստակ վտանգ կա, որ բախումները կարող են վերաճել լայնածավալ պատերազմի. ԱԳ փոխնախարարը՝ «Ռոյթերս»-ին

Հստակ վտանգ կա, որ բախումները կարող են վերաճել լայնածավալ պատերազմի. ԱԳ 
փոխնախարարը՝ «Ռոյթերս»-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հստակ վտանգ է տեսնում, որ Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող մահացու բախումները կարող են վերաճել լայնածավալ պատերազմի, ուստի կոչ է անում մեծ տերություններին ավելի շատ ուշադրություն դարձնել ստեղծված ծանր իրավիճակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին գրել է «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալությունը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ հարցազրույցը:

«Դուք գիտեք, թե ինչքան անկայուն է իրադրությունը մեր տարածաշրջանում: Իրավիճակը, ինչպես արդեն նշեցինք, շարունակում է սրվել», - ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը:

«Ռոյթերս»-ի հարցին՝ կա՞ն արդյոք ռիսկեր, որ սահմանային էսկալացիան կարող է վերաճել լայնածավալ պատերազմի, Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է. «Հստակ վտանգ կա»:

Լոնդոնում հիմնված լրատվամիջոցը իր հերթին հավելել է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք տասնամյակներ շարունակ հակամարտում էին Լեռնային Ղարաբաղի շրջանի համար, երկուշաբթի ուշ գիշերին իրենց սահմանին սկսված բախումները սկսելու համար միմյանց են մեղադրում»:

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվել նաև խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր:

Սեպտեմբերի  13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդել է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին:

Նախնական տվյալներով հայկական կողմն ուներ 49 զոհ: Սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է 105 զինծառայող:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am