Տնտեսություն

Վարդենիկում շահագործվելու է բնական աղբյուրի ջրի շշալցման գործարան

3 րոպեի ընթերցում

Վարդենիկում շահագործվելու է բնական աղբյուրի ջրի  շշալցման գործարան

ԳԱՎԱՌ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում կառուցվել եւ շահագործման հանձնելու փուլում է գտնվում բնական աղբյուրի ջրի շշալցման գործարանը, որտեղ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Ինչպես տեղում ներկայացրեց գործարանի սեփականատեր, «Ռեսթարթ Վիլիջ» ՍՊԸ տնօրեն Ռադիկ Մանուկյանը, գործարանի հիմնման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հունիսից եւ 2022 թվականի օգոստոսի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում: Բնական աղբյուրի ջրի շշալցման գործարանի կառուցման նպատակով սեփականատերը ներդրել է 2,7 միլիոն ԱՄՆ դոլար: «Ամբողջությամբ ավարտվել է շենքի կառուցումը, գործարանի շահագործման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումների տեղադրումը, այժմ փորձարկման փուլն է ընթանում: Մոտակա օրերին գործարանը կշահագործվի: Սկզբում կունենանք 30 աշխատատեղ, հետագայում, անհրաժեշտության դեպքում, կարող ենք ավելի շատ մարդիկ ընդգրկել աշխատանքում: Գործարանը տարեկան կունենա 25 միլիոն շիշ թողունակություն, մեր արտադրանքն առայժմ կարտահանվի ԵԱՏՄ երկրներ: Գործերի հաջող ընթացքի դեպքում կարող ենք ընդլայնել թե՛ մեր արտադրության ծավալները, թե՛ արտահանման ուղղությունները: Մենք հոգացել ենք նաեւ գործարանի աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի խնդիրը՝ 150 կիլովատտ ժամ հզորության արեւային պանելներ տեղադրելով շենքի տանիքին, ինչը լիուլի բավարարում է մեր կարիքները: Մեր ընկերության կողմից շշալցվող ջուրը կրում է «Ջան» անվանումը»,-ներկայացրեց Ռադիկ Մանուկյանը:

Մարզպետ Կարեն Սարգսյանը, խոստանալով իր աջակցությունը ներդրողի կողմից բարձրացված որոշ խնդիրների կարգավորման շուրջ, միաժամանակ ներկայացրեց իր նկատառումները: «Շատ կարեւոր ու պահանջված ներդրումային ծրագիր է իրականացվել Վարդենիկում: Ես լիահույս եմ, որ մեր հաջորդ այցելության ժամանակ արդեն այստեղ կտեսնենք աշխատանքային եռուզեռ, պահեստներում կուտակված արտադրանք: Նույնքան լիահույս եմ, որ գործարանի արտադրանքը կունենա լայն սպառում, որ Ռադիկ Մանուկյանի օրինակով ի հայտ կգան նոր ներդրողներ, եւ մեր մարզի տնտեսությունը կբարձրանա նոր մակարդակի, տեղերում կստեղծվեն բազմաթիվ մշտական աշխատատեղեր, ինչի շնորհիվ մեզանում արտագնա աշխատանքի ներկա ծավալները նկատելիորեն կնվազեն: Նման ծրագիրը եւ՛ ողջունելի է, եւ՛ խրախուսելի» ,-նշեց Կարեն Սարգսյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում