ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Սյունիքում հայտնաբերել է գերբեռնված 6 բեռնատար
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները օգոստոսի 4-ին և 5-ին՝ 24-ժամյա ռեժիմով, ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղակայված ՏՄ կշռման անշարժ հենակետում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, երկու օրվա վերահսկողության արդյունքում կշռվել են ընդհանուր թվով 198 տրանսպորտային միջոց։
Օգոստոսի 4-ին կշռվել է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող 109 տրանսպորտային միջոց։ Արդյունքում 6 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Օգոստոսի 5-ին մշտադիտարկվել է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող 89 տրանսպորտային միջոց։ Արդյունքում՝ գերբեռնված տրանսպորտային միջոցներ չեն հայտնաբերվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում