Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Նուբար Աֆեյանը ԵՊՀ-ում ծանոթացել է FAST-ի ADVANCE  ծրագրի կենսատեխնոլոգիաների հետազոտական թիմի աշխատանքին

Նուբար Աֆեյանը ԵՊՀ-ում ծանոթացել է FAST-ի ADVANCE  ծրագրի 
կենսատեխնոլոգիաների հետազոտական թիմի աշխատանքին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, Moderna ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի համահիմնադիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն այցելել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ՝ նա շրջել է գիտական լաբորատորիայում, որտեղ իր փորձերն է իրականացնում ԵՊՀ-FAST համագործակցությամբ աշխատող «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի կենսատեխնոլոգիաների հետազոտական թիմը՝ Գերմանիայի Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսալուծումների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գարաբեդ Անտրանիկյանի ղեկավարությամբ: 

Նուբար Աֆեյանը ծանոթացել է հետազոտական թիմի աշխատանքներին՝ ուղղված տարբեր մանրէների կուլտիվացմանը, թափոնների մշակմանն ու կենսազանգվածի և արժեքավոր նյութերի ստացմանը: «Շատ ուրախ էի գտնվել տարբեր սարքավորումներով հագեցած այս լաբորատորիայում, որը կարող էր լինել նաև այլ երկրի այլ համալսարանում։ Ես շնորհավորում եմ թե՛ ԵՊՀ-ին, թե՛ FAST-ին, թե՛ պրոֆեսոր Անտրանիկյանին իրենց ներդրած ջանքերի համար։ Կարծում եմ՝ մենք ավելին կարող ենք անել՝ ունենալով այս հաջողված օրինակը։ Այս ծրագիրը մի կողմից թույլ է տալիս զարգացնել կրթելու կարողությունը, մեկ այլ կողմից ուսումնասիրել խնդիրներ, որոնք մինչ այս չեն ուսումնասիրվել։ Գիտությունը հնարավոր է համաշխարհային կապերի ու համագործակցության միջոցով, այն անհատական գործունեություն չէ, հետևաբար, ADVANCE ծրագիրը թույլ է տալիս ապահովել այս հետազոտական թիմի կապն աշխարհի այլ լաբորատորիների հետ»,-ասել է Նուբար Աֆեյանը։ Նրա խոսքով՝ որպեսզի ծրագիրն ունենա մեծ ազդեցություն, այն պետք է ընդլայնվի ու հնարավորինս մեծ թվով գիտնականների հասանելի դառնա։

Նույն օրը Նուբար Աֆեյանին ԵՊՀ գիտական խորհրդի միաձայն որոշմամբ շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։ 

«ADVANCE» դրամաշնորհային ծրագիրը գործում է 2020 թվականից, ներկայում ընթացքի մեջ է երեք հետազոտական նախագիծ՝ կենսատեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման և նեյրոգիտության ոլորտներում, որոնցում ներգրավված են ավելի քան 10 տեղացի գիտաշխատողներ։ Այս ծրագիրն ուղղված է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և հայաստանյան հետազոտողների միջև կապեր հաստատելուն, ինչը հնարավորություն է տալիս նոր խմբեր ձևավորելու և աշխատելու նորարարական միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է բուհերի հետ համագործակցությունն ու ականավոր գիտնականների ակտիվ ներգրավումը դասավանդման գործընթացում, որպեսզի հնարավոր լինի երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել առաջատար փորձին:

Այս տարվա գարնանը ԱՄՆ-ում կայացել է FAST-ի առաջին խոշոր ընթրիք-դրամահավաքը՝ Advance Armenia Gala 2022-ը, որի գլխավոր բանախոսը Նուբար Աֆեյանն էր: Միջոցառման ժամանակ հավաքագրված ողջ միջոցներն ուղղվելու են «ADVANCE» ծրագրի ընդլայմանն ու նոր նախագծերի հայտարարմանը: Այս պահին ընթացքի մեջ է ևս երկու նախագիծ մեքենայական ուսուցման և նեյրոգիտության ոլորտներում:

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Հիմնադրամի տեսլականն է օգնել Հայաստանին դառնալ առաջատար նորարարական երկիր մինչև 2041 թվականը: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: 2022 թվականին FAST-ը նշում է հիմնադրման հնգամյակը, որի շրջանակում նախատեսված են խոշոր միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]