Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Հավաքին ուսանողների մասնակցության դիմաց ուսանողական խորհրդի նախագահին շահագրգռելու քրգործի նախաքննությունն ավարտվել է

Հավաքին ուսանողների մասնակցության դիմաց ուսանողական խորհրդի նախագահին 
շահագրգռելու քրգործի նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  ուսանողների մասնակցության դիմաց երկու և ավելի անձանց, այդ թվում՝ հիշյալ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2022թ. մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Քննությամբ պարզվել է, որ Ավետիք Չալաբյանը, հանդիսանալով ընդդիմության կողմից կազմակերպված շարժումների ակտիվ անդամ և նպատակ ունենալով իրականացվող հավաքներին, անհնազանդության ակցիաներին, ցույցերին ապահովել բազմամարդություն և այդ կերպ լայն շրջանակներ ներգրավելու համար նյութական շահագրգռվածության դիմաց մասնակից դարձնել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին՝ նույն համալսարանի դասախոսներից մեկի և այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, 2022թ. մայիսի 4-ին նախաձեռնել և հանդիպել է ուսխորհրդի նախագահի հետ՝ առաջարկելով մոբիլիզացնել շուրջ 2000 ուսանողի, որի դիմաց առաջարկել է տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար, յուրաքանչյուր ուսանողի համար՝ 1000 ՀՀ դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսին և Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նշվում է, որ նախաքննությունն ավարտել է և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]