Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

Քառասունչորսօրյա պատերազմից տուժած 58 ընտանիքի անդամ մասնագիտական վերապատրաստում է անցել

Քառասունչորսօրյա պատերազմից տուժած 58 ընտանիքի անդամ մասնագիտական 
վերապատրաստում է անցել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «Գեյթվեյ Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ 2021թ․ դեկտեմբերից մեկնարկած  «Նոր Ճանապարհ» ծրագրի մասնակիցների վկայագրերի հանձնումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից, ծրագրի նպատակն է եղել 44-օրյա պատերազմում զոհված, վիրավորված անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամներին կարճ ժամկետներում հնարավորություն տալ ձեռք բերել մասնագիտություն և լուծել զբաղվածության խնդիրը, ինչպես նաև դառնալ ֆինանսապես կայուն ու անկախ:

«Մասնագիտական վերապատրաստման դասընթացների կայուն ընթացքը, վերահսկումը ու հետևողականությունն իրականացրել է Արտ Հաուս ուսումնական կենտրոնը։ Ծրագրի շնորհիվ պատերազմից տուժած 58 ընտանիքի անդամ ընդգրկվել է մասնագիտական վերապատրաստման 17 դասընթացում: Դասընթացների 25-ից ավելի մասնակից արդեն գտել է աշխատանք, կամ ինքնազբաղված է։

Մասնակիցներին ողջունեց և իր օրհնության խոսքը փոխանցեց Կոտայքի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը՝ անդրադառնալով ծրագրի կարևորությանն ու արդյունքներին։ Արտ Հաուս ուսումնական կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը ներկայացրեց 6-ամսյա ծրագրի ընթացքը և արդյունքները։ Միջոցառմանը ողջունեցին նաև Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ)  ծրագրերի ղեկավար Ծովինար Ղազարյանը և Գեյթվեյ Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հարությունյանը։ Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան իրենց վկայագրերը։

Երեկոյան Արսեն և Արթուր Սաֆարյան եղբայրները մասնակիցների համար ներկայացրեցին համերգային ծրագիր՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Գեյթվեյ Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է  2020 թվականին Gateway Industry հիմնադրամի հովանավորությամբ։  

Կազմակերպության հիմնական նպատակն է նվազեցնել ազգաբնակչության խոցելիությունը՝ ցուցաբերել անհրաժեշտ մարդասիրական օգնություն, սատարել սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց, իրականացնել համայնքային զարգացման, առողջապահական և  կրթամշակութային  ծրագրեր։

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) ստեղծվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ։ Կլոր սեղան հիմնադրամը սկսել է իր գործունեությունը 1996 թ.-ին: Սերտորեն համագործակցելով հայկական եկեղեցիների, տեղական հասարակական կազմակերպությունների, եկեղեցուն կից գործող հասարակական կազմակերպությունների հետ, ՀԿՍ-ն նպատակ ունի համընդհանուր ուժերով անդրադառնալ երկրի մի շարք հիմնարար սոցիալական և տնտեսական խնդիրներին:

Ներկայումս ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հիմնականում հետևյալ ուղղություններով՝

համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա

կարողությունների զարգացում

արտակարգ իրավիճակներ

«Արտ Հաուս» ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2009 թ-ին՝ հետևելով մեկ
նպատակի. տալ լիարժեք մասնագիտական ոչ ֆորմալ կրթություն,
գիտելիք և հմտություն, որի շնորհիվ ուսանողներից յուրաքանչյուրը մրցունակ
կլինի աշխատաշուկայում  թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Ուսուցումն
իրականացնում են բարձրակարգ մասնագետ–դասընթացավարներ, որոնք իրենց
տարիների աշխատանքային փորձով, գիտելիքներով և հմտությամբ առաջատարն են
Հայաստանում և նվիրյալը իրենց գործի: «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնը համագործակցում  ինչպես տեղեկան, այնպես էլ միջազգային մի շարք կազմակերպությունների հետ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]