Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի քոլեջը բժշկական կենտրոնին ապահովում է լավագույն մասնագետներով  

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի քոլեջը բժշկական կենտրոնին ապահովում է 
լավագույն մասնագետներով  

 ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պետական քոլեջի լավագույն արդյունքներ ունեցող ուսանողներն ավարտելուց հետո միանգամից ընդգրկվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի աշխատանքներում: Շրջանավարտներին առաջարկվում է աշխատանք բժշկական կենտրոնի տարբեր բաժանմունքներում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պետական քոլեջի տնօրեն Ռոմիկ Սարգսյանը նշեց, որ ԲԿ-ի տնօրինությունը քոլեջի պետական որակավորման քննությունների ընթացքում ներգրավում է համապատասխան մասնագետների, ովքեր տալիս են որակավորում և լավագույններին ընդգրկում բժշկական կենտրոնի բուժաշխատակազմ: «Եվ բացի դա, կա շարունակական կրթության կարգ, և քոլեջի՝ բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները (պետական քննությունը hանձնել են գերազանց, ինչպես նաև ստացել են Պետական որակավորման  հանձնաժողովի եզրակացությունը) ստանում են իրավունք շարունակել կրթությունը համապատասխան բուհերում, որոնց ցանկը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախապես ճշտվում և տրամադրվում է բոլոր քոլեջներին»,- ասաց տնօրենը:

Նրա խոսքով` քոլեջում քննությունները իրականացվում են «Կենսաբանություն» առարկայից՝ բանավոր: 9-րդ դասարանի շրջանավարտները քննություն են հանձնում 8-րդ և 9-րդ դասարանի  անատոմիա-կենսաբանությունից, իսկ հիմնական դպրոցն ավարտածները՝ 8-12-րդ դասարանների ընդհանուր «Կենսաբանություն» առարկայից:

«Մեզ մոտ այս պահին գործում է լիցենզավորված 7 մասնագիտություն՝ «Քույրական գործ», «Մանկաբարձություն», «Դեղագործություն», «Բուժական կոսմետոլոգիա», «Լաբորատոր ախտորոշում», «Բուժական մերսում» և «Քույրական գործի կազմակերպում»: «Լաբորատոր ախտորոշում», «Բուժական մերսում» և «Քույրական գործի կազմակերպում» մասնագիտությունների համար մենք լիցենզիա ստացել և իրականացնում ենք համապատասխան կրթություն վերջին մի քանի տարիների ընթացքում: Սակայն «Լաբորատոր ախտորոշում» և «Բուժական մերսում» բաժինների հանդեպ դիմորդների հետաքրքրվածությունն ու դիմելիությունը ցածր է՝ չնայած հիվանդանոցները և այլ հաստատություններ այդ մասնագիտությունների պահանջը այսօր շատ ունեն, հատկապես «Լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ»,- ասաց Ռոմիկ Սարգսյանը:

Տնօրենը հավելեց, քանի որ, արդեն այս տարվանից սկսած ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պահանջում է, որպեսզի մարդիկ ունենան համապատասխան որակավորում, անցնեն համապատասխան վերապատրաստումներ, որպեսզի աշխատելու իրավունք ունենան: Դրանից ելնելով՝ կարելի է ասել, որ «Լաբորատոր ախտորոշում» մասնագիտության պահանջարկը գնալով մեծանում է:

Նա շեշտեց, որ վերջին տարիներին դիմորդների կողմից ամենապահանջված բաժիններն են «Քույրական գործը», «Քույրական գործի կազմակերպումը», «Կոսմետոլոգիան», այնուհետև «Մանկաբարձությունը» և «Դեղագործությունը»:

«Հիմնադրման օրվանից մեր քոլեջի նպատակը՝ ինչպես մնացած բոլոր բժշկական քոլեջներինը, եղել է, իհարկե, միջին մասնագիտական բժշկական կադրեր պատրաստելը, բայց, քանի որ քոլեջը համարվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ստորաբաժանում, կենտրոնի առաջնային նպատակն է եղել պատրաստել կադրեր հենց իր համար»,- ասաց քոլեջի տնօրենը:

Նա կարևորեց, որ այդ առանձնահատկությունները հանգեցնում են նաև հետագա ուսումնական գործընթացի ճիշտ կազմակերպմանը: Քոլեջը գտնվում է ԲԿ-ի տարածքում, և բժշկական կենտրոնի տնօրինության և ստորաբաժանման կանոնադրությունը թույլատրում են, որպեսզի քոլեջն ուսումնական գործընթացի համար օգտագործի բժշկական կենտրոնի բոլոր հնարավորությունները՝ լաբորատորիան, ծննդատունը, պոլիկլինիկան և այլ անհրաժեշտ ստորաբաժանումները, որոնք անհրաժեշտ են բարձր մակարդակով, ինչպես նաև խիստ մասնագիտացված ուսումնական պրոցեսներ անցկացնելու համար: 

Քոլեջի տնօրենը հավելեց, որ շատ քոլեջներում գործում են միայն պետական կարգով կրթաթոշակ և զեղչերի տրամադրում, սակայն իրենց քոլեջում իրենք հնարավորություն են ունենում դիմելու ԲԿ-ի տնօրինությանը, որպեսզի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին տրամադրեն համապատասխան զեղչեր և կրթաթոշակ: Այժմ  կառավարության որոշմամբ քոլեջներում ընդունելությունը իրականացվում է համընդհանուր նույն օրը: Dimord.emis.am կայքը բացվում է, և դիմորդները իրավունք են ունենում իրենց փաստաթղթերը հեռավար հանձնելու: Առայժմ կայքը դեռևս հասանելի չէ:

Գայանե Գաբոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]