Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմայով նամականիշը

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» 
թեմայով նամականիշը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայփոստ» ընկերությունը մարեց և շրջանառության մեջ դրեց մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմային:

350 դրամ արժեքով նամականիշի վրա պատկերված է հայտնի լիբանանահայ գիտնական, մոլեկուլային կենսաբան Արտեմ Պատապուտյանը, որը 2021 թվականին Նոբելյան մրցանակի է արժանացել ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում՝ ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար: Նամականիշի աջ հատվածում ներկայացված է Արտեմ Պատապուտյանին շնորհված Նոբելյան մրցանակի պատկերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, հայազգի գիտնական Արտեմ Պատապուտյանը և ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Արայիկ Հարությունյանը մեծ պատիվ համարեց Հայաստանում Արտեմ Պատապուտյանին հյուրընկալելը և նրա պատկերով նամականիշ թողարկելը: «Այս օրը հիշարժան կլինի ոչ միայն ներկաների, այլև ֆիլատելիստների համար, որոնք մեծ սիրով իրենց հավաքածուներում կներառեն այս նամականիշը»,-նշեց նա:

Դավիթ Սահակյանն էլ ընդգծեց, որ նամականիշի միջոցով ցանկանում են մեծարել Պատապուտյանին և դրա օգնությամբ նրան ճանաչելի դարձնել ու  տեղեկությունը տարածել ամբողջ աշխարհում:

Կարեն Թռչունյանը կարծում է՝ Արտեմ Պատապուտյանը կարող է ոգևորել  երիտասարդ գիտնականներին, որոնք գուցե ապագայում համալրեն գիտության նվիրյալների շարքը:

Հայկ Կարապետյանն էլ շեշտեց, որ բոլոր հայերն են պարծենում Պատապուտյանի նման մարդկանցով: Նա հույս հայտնեց, որ գիտնականն առաջիկայում գործունեություն կծավալի նաև Հայաստանում և իր գիտելիքները կփոխանցի Հայաստանի երիտասարդ գիտնականներին:

«Ես չգիտեմ կա՞ն Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականներ, որոնք պատկերվել են նամականիշի վրա: Կարծում եմ՝ նրանք նախանձում են ինձ: Սա հրաշալի ձև է ասելու, թե որքան եք կարևորում գիտությունը, իսկ ինձ համար սա առանձնահատուկ նվեր է, քանի որ փոքր տարիքում եղբորս հետ հայկական նամականիշներ էինք հավաքում: Երբեք չէի պատկերացնի, որ մի օր իմ պատկերը կտեսնեմ նամականիշի վրա»,-բոլոր ելույթները լսելուց հետո ասաց Պատապուտյանը:

Նա հույս հայտնեց իր փորձով ոգեշնչել երիտասարդ գիտնականներին զբաղվել իրենց սիրած գործով ու հասնել հաջողությունների:

Թողարկման օրը՝ 14 հունիսի 2022թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Չափսերը՝ 40,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 8 հ.

Տպաքանակը՝ 20 000 հ.

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am