Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Կառավարման նոր մոդելով կընդլայնվեն համայնքների հնարավորությունները

Կառավարման նոր մոդելով կընդլայնվեն համայնքների հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում իրականացվող համայնքների կառավարման մոդելի փոփոխությունը մեծ հնարավորություններ է տալու տարբեր ուղղություններով: Մասնավորապես, լիազորությունների ապակենտրոնացում, բյուջետային հնարավորությունների ընդլայնում, խոշոր ծրագրերիր իրականացում տարբեր ոլորտներում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ այս փուլում գնում են մի քանի մարզերում արդեն խոշորացված համայնքների կրկին խոշորացման:

«Դա այս տարի արվում է, որովհետև աշնանն այդ համայնքներում սպասվում են ընտրություններ: Հետևաբար` խոշորացումները պետք է հասցնենք անենք մինչ ընտրական գործընթացները, որպեսզի արդեն նոր ձևավորված համայնքներում կատարվեն ընտրությունները»,-ասաց Աշոտ Գիլոյանը:

Կառավարության վերջին նիստում հավանության արժանացած օրենսդրական փաթեթով առաջարկվում է այս պահին գործող 13 խոշորացված համայնքները միավորել 5 համայնքների մեջ: Առաջարկվում է Արագածոտնի մարզում միավորել Թալին և Արագածավան խոշորացված համայնքները: Նրանք միասին կընդգրկեն 34 բնակավայր: Գեղարքունիքի մարզում կմիավորվեն ճամբարակն ու Շողակաթը՝ ընդգրկելով 19 բնակավայր: Լոռու մարզում նախատեսվում է ունենալ Ալավերդի խոշորացված համայնք, որը կընդգրկի Օձունը, Շնողը, Ախթալան և Ալավերդին՝ 28 բնակավայր միասին: Լոռու մարզում կմիավորվեն Տաշիրը, Մեծավանը, Սարչապետը՝ միասին 24 բնակավայր: Սյունիքի մարզում նախատեսվում է միավորել Սիսիան և Գորայք խոշորացված համայնքները՝ թվով 36 բնակավայր:

«Համայնքների միավորումն ինքնանպատակ չէ: Դրան հետևելու է լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը: Այսինքն՝ մի շարք լիազորություններ կպատվիրակվեն համայնքներին, օրինակ, առողջապահություն, սոցիալական հարցեր, ճանապարհների շահագործում, պահպանություն, հանրակրթություն և այլն: Ծառայությունները որքան մոտ լինեն քաղաքացիներին, այնքան արդյունավետ կլինի»,-ասաց Աշոտ Գիլոյանը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին համայնքներում հարկաբյուջետային քաղաքականությունն այնպես է իրականցվում, որ սեփական եկամուտներն աճեն: Այդ նպատակով քննարկվում են տարբեր գաղափարներ նոր հարկ սահմանելու համար, օրինակ` հյուրանոցային հարկ կամ այլ տեղական հարկեր, որ համայնքի բյուջեն ավելանա:

Համայնքների խոշորացմամբ, բյուջետային հոսքերի մեծացմամբ, ըստ Աշոտ Գիլոյանի, ավելի խոշոր ծրագրերի հնարավորություններ են ստեղծվում: Վերջին շրջանում փողոցների լուսավորության, աղբահանության, ճանապարհաշինության զգալի աշխատանքներ են տարվել: Փոփոխությունները հասել են այնպիսի հեռավոր համայնքներ, որտեղ տասնամյակներ շարունակ այդ ծավալի աշխատանքներ չեն կատարվել: 

«Այսօր համայնքներից ստացված սուբվենցիոն ծրագրերի աժեքին ենք նայում ու տեսնում, թե որքան են ավելացել: Եթե նախկինում մեկ մարզից 3 մլրդ դրամի ընդհանուր արժեքով ծրագրեր են եղել, հիմա 10 և ավելի մլրդ-ի է հասել»,-ասաց Աշոտ Գիլոյանը:

Համայնքների խոշորացմամբ նաև տեղի են ունեցել հաստիքների կրճատումներ, սակայն դրան զուգահեռ աշխատատեղեր են ավելացել համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, որոնք ծառայություններ են տրամադրում բնակիչներին՝ կոմունալ, դպրոցական, նախադպրոցական և այլն: Համայնքների խոշորացմամբ՝ համայնքապետարաններում կրճատվել է 1500 վարչական հաստիք, մոտ 2200 հաստիք ավելացել է ՀՈԱԿ-ներում:  








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]