Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում. Վարդանյանը՝ սահմանազատման հարցով հանձնաժողովների մասին

Շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում. Վարդանյանը՝ 
սահմանազատման հարցով հանձնաժողովների մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Հայաստանի  և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի համար շատ-շատ չափավոր լավատեսություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ստեղծված հանձնաժողովների մասին հարցին:

«Գործընթացը սկսվել է առնվազն ակտերի մակարդակով: Կայացվել են համապատասխան ակտեր, ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք պետք է սկսեն աշխատանքները: Կան ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ, կարծես թե շատ-շատ-շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում, որ մեր հարևան երկրի ներկայացուցիչները հակված են այս գործընթացը չձախողելու և գործընթացը սահմանված ընթացակարգով և ձեռք բերված պայմանավորվածություններով առաջ տանելու»,- ասաց Վարդանյանը:

Իսկ մանրամասները կբյուրեղանան, երբ երկկողմ հանձնաժողովը սկսի իր բուն աշխատանքը:

Պատգամավորն ընդգծեց, որ սահմանազատումը, սահմանագծումը բավականին երկարատև և տեխնիկապես բարդ գործընթաց է, և այս գործընթացի պարագայում և քաղաքական կամքը, և ներգրավված անձանց պրոֆեսիոնալիզմը, և բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը միայն դրական ազդակ կլինեն՝ հաջողությամբ այս գործընթացն ավարտելու համար:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2021 թվականի նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ ստեղծելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և այդուհետ սահմանագծման  հարցերով երկկողմ հանձնաժողով՝ ՌԴ խորհրդատվական մասնակցությամբ: 2022 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով: Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Երկրորդ հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am