Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղին դեռ փակ է։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ տարածքում մյուս ավտոճանապարհներն անցանելի են։
«Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում