Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Արցախի ԱԺ երկու հանձնաժողովներ քննարկել են ԿԳՄՍ ոլորտի 2021-ի բյուջեի կատարողականը

Արցախի ԱԺ երկու հանձնաժողովներ քննարկել են ԿԳՄՍ ոլորտի 2021-ի բյուջեի 
կատարողականը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների մայիսի 20-ին հրավիրած համատեղ նիստում Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած ոլորտի 2021 թվականի բյուջեի կատարողականը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, ԿԳՄՍ նախարարության ճշտված բյուջեն 17 մլրդ ՀՀ դրամ էր, որից 15 միլիարդն ուղղվել է կրթության ու գիտության ոլորտին:

«Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթությանն է հատկացվել 9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 96.8 տոկոս:

Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության համար նախատեսված էր 587 մլն դրամ, փաստացի ծախսվել է 556 մլն-ը, կատարողականը՝ 94.7 տոկոս:

Գիտության համար նախատեսված էր 38 մլն ՀՀ դրամ, կատարողականը 73 տոկոս էր:

Բարձրագույն կրթության համար նախատեսված 1 մլրդ 71 մլն-ից ծախսվել է 1 մլրդ 54 մլն-ը, կատարողականը՝ 98.4 տոկոս, այդ թվում՝ «Պետական աջակցություն արտասահմանյան ԲՈՒՀ-երում ԱՀ-ից նպատակային ուսումնառություն ստացող ուսանողներին տրվող փոխհատուցում» հոդվածով 18 մլն դրամ:«Ոչ ֆորմալ կրթություն» ծրագրով նախատեսված 83 մլն դրամից ծախսվել է 31 մլն-ը, կատարողականը՝ 37.7 տոկոս:

Հրատարակչային ծախսերը պլանավորված 9 մլն-ի դիմաց իրականացվել են 7 մլն-ի չափով, կատարողականը՝ 88.8 տոկոս:

Ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը չի իրականացվել ծրագրային փոփոխությունների և համաճարակի պատճառով:

Մշակույթի և երիտասարդության հարցերի վարչության բյուջեն 75 մլն դրամ էր, կատարողականը՝ 93.2 տոկոս: Մշակութային միջոցառումների համար նախատեսված էր 30 մլն դրամ, կատարողականը՝ 93.8 տոկոս, երիտասարդական ծրագրեր՝ 10 մլն դրամ, կատարողականը 82.1 տոկոս:Հուշարձանների պահպանման համար նախատեսվել էր 30 մլն դրամ, կատարողականը ՝ 97.5 տոկոս:

Սպորտի ճշտված պլանը 109 մլն դրամ էր, փաստացի ծախսվել է 108 մլն դրամ, կատարողականը՝ 99.8 տոկոս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պատգամավորները հարցադրումներ են ուղղել նախարարին, նաև հանդես են եկել առաջարկներով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]