Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

Յուրաքանչյուր դատապարտյալի հետ կտարվի անհատական աշխատանք․ փոխնախարարը ներկայացրեց Քրեակատարողական նոր օրենսգիրքը

Յուրաքանչյուր դատապարտյալի հետ կտարվի անհատական աշխատանք․ 
փոխնախարարը ներկայացրեց Քրեակատարողական նոր օրենսգիրքը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրեց   Հայաստանի Հանրապետության քրեակատարողական նոր օրենսգիրքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սարգսյանը նշեց, որ  Ազգային ժողովը դեռևս 2021 թվականին ընդունել է Քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը, որոնք ուժի մեջ կմտնեն այս տարի հուլիսի 1-ին։

«Քրեական արդարադատության ընդհանուր շղթայի տեսանկյունից երրորդ կարևոր օրենսգիրքը Քրեակատարողական նոր օրենսգիրքն է, որը կգա համալրելու քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ընդհանուր պանակը և կկարողանանք արդեն հուլիսի 1-ին ունենալ այնպիսի օրենսդրություն, որը իրոք որակական նոր շեմ կապահովի ՀՀ-ում քրեական արդարադատության տեսանկյունից։

Առկա օրենսգիրքը ընդունվել է դեռևս 2004 թվականին, ուժի մեջ մտել 2005 թվականին և տրամաբանական է, որ դրանից հետո բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել թե՛ մեր հասարակությունում, թե՛ միջազգային պրակտիկայում, թե՛ մեր միջազգային պարտավորություններում, թե՛ նաև իրավական ասպեկտով։ Ըստ այդմ, առաջացել էր անհրաժեշտություն ունենալ Քրեակատարողական նոր օրենսգիրք, որը կգա հաղթահարելու այս բոլոր հակասությունները»,- մանրամասնեց փոխնախարարը։

Արդարադատության նախարարի տեղակալը առանձնացրեց օրենսգրքի հիմնական փոփոխությունները, որոնք կկարողանան բարձրացնել այն նշաձողը, որը այս պահի դրությամբ առկա է քրեակատարողական համակարգում։

« Ամբողջ օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալի հետ պետք է տարվի անհատականացված աշխատանք։ Այս պահի դրությամբ, իհարկե, հատվածային որոշ լուծումներ կան, բայց չկա հստակ պլանավորում, թե որևէ դատապարտյալի հետ կապված ինչպիսի պատժի կրում պետք է իրականացնեն մեր աշխատակիցները։ Ըստ այդմ, գործընթացը անկանխատեսելի է, թե տվյալ դատապարտյալի համար, և թե ընդհանուր առմամբ քրեակատարողական հիմնարկի համար, որովհետև ՔԿՀ-ն չունի չափելի որևէ գործիք, որի ուժով կկարողանա հասկանալ իր ներուժը ինչ ուղղությամբ պետք է օգտագործի։ Ըստ այդմ, քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո կարանտինային բաժանմունքում յուրաքանչյուր դատապարտյալի վերաբերյալ կազմվելու է պատժի կրման անհատական պլան և, ըստ այդմ, հետագայում արդեն 3-ից 6 ամսվա պարբերականությամբ այն վերանայվելու է։ Այս առումով թե՛ կանխատեսելիություն կապահովենք, և թե՛ նաև թիրախային միջոցառումներ կիրականացնենք բոլոր դատապարտյալների համար։

Հաջորդ նորարարությունը այն է, որ այլևս չեն լինելու խորհրդային տարիներից ժառանգված և արհեստականորեն բաշխված ուղղիչ հիմնարկների տեսակներ։ Նախ ուղղիչ հիմնարկ եզրույթը ինքնին չի օգտագործվում օրենսգրքում, որովհետև այն բավականին հին տերմին է.   չենք ունենալու առկա ուղղիչ հիմնարկների տեսակները, որոնք են՝ բաց, կիսաբաց, կիսափակ, փակ։ Լինելու են երեք անվտանգային գոտիներ, որոնք են՝ ցածր, միջին և բարձր անվտանգային գոտիները։ Ընդ որում, պետք է նշեմ, որ բուժական ուղղիչ հիմնարկը՝ որպես առանձին տեսակ, այլևս գոյություն չի ունենալու։ Ցածր, միջին և բարձր անվտանգային գոտիները առանձնացվել են այն տրամաբանության շրջանակներում, որ յուրաքանչյուր դատապարտյալի անհատական պլանավորման հիմքում պետք է ընկած լինի նրա ռիսկերի և կրիմինոգեն կարիքների գնահատումը։ Ըստ այդմ, անձինք պետք է տարանջատվեն ցածր, միջին և բարձր ռիսկայնության շրջանակներում։  Բուժական ուղղիչ հիմնարկի մասով այս պահի դրությամբ ունենք բավականին լուրջ խնդիրներ, որովհետև դատապարտյալներից շատերը ցանկանում են տեղափոխվել, օրինակ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ այն պարզ պատճառով, որովհետև եթե անգամ նրանք գտնվում են փակ ուղղիչ հիմնարկին բնորոշ խցային պայմաններում, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հիմնական պահման պայմանը կիսաբաց կացարանային պայմաններ են։ Հետևաբար, տրամաբանական է, որ անձինք, ավելի շատ ազատության ձգտելով, ցանկանում են տարբեր ուղիներով հայտնվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։ Այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր ձեռնարկվում են, որպեսզի այնտեղ գտնվեն դատապարտյալները, ովքեր իրապես բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեն: Իրավական ասպեկտին անդրադառնալիս՝ պետք է նշեմ, որ բուժական ուղղիչ հիմնարկում չենք կարողանում հենց այդ անհատականացված պլանավորումը ապահովել։ Ըստ այդմ, յուրաքանչյուր դեպքում հիմնարկում կգործի ընդամենը ստացիոնար կամ ամբուլատոր հատված, որտեղ բժշկական օգնությունը և սպասարկումը կիրականացվի»,- ասաց Սարգսյանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]