Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Թանգարանների միջազգային օրը Սպենդիարյանի տուն-թանգարանում կբացվի «Մեկ ցուցանմուշի պատմություն» խորագրով ժամանակավոր ցուցադրություն

Թանգարանների միջազգային օրը Սպենդիարյանի տուն-թանգարանում կբացվի «Մեկ 
ցուցանմուշի պատմություն» խորագրով ժամանակավոր ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, 10:30-18.00 Ա. Սպենդիարյանի տուն–թանգարանում կբացվի «Մեկ ցուցանմուշի պատմություն» խորագրով ժամանակավոր ցուցադրություն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է թանգարանի տարածած հաղորդագրությունից, կներկայացվեն երկու յուրահատուկ ցուցանմուշ. Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի շենքի մանրակերտը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն աուդիո ուղեցույցով և Ալեքսանդր 2-րդ կայսեր հրովարտակը՝ «Սպենդիարովները՝ Ռուսական Կայսրության տոհմիկ պատվավոր քաղաքացիներ» խորագրով երկլեզու տեսանյութի ցուցադրությամբ:

Նշվում է, որ Առաջնորդարանի շենքում Ալեքսանդր Թամանյանի նախաձեռնությամբ կոմպոզիտորին հատկացվել է աշխատասենյակ, որտեղ նա գրել է իր առաջին հայաստանյան ստեղծագործությունը՝ նշանավոր «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ սյուիտը: Մանրակերտի ուղեցույցի օգնությամբ այցելուները կծանոթանան այդ պատմությանը:

Համայն Ռուսիո կայսեր հրովարտակը՝ Սպենդիարովների ընտանիքին տոհմիկ պատվավոր քաղաքացիների կոչում շնորհելու վերաբերյալ տրվել է կոմպոզիտորի հորական պապի՝ առաջին գիլդիայի վաճառական Ավքսենտի Սպենդիարովի այրուն՝ Ելիզավետա Սպենդիարովային Ռուսական Կայսրության սենատի կողմից, 1878 թ.: Հրովարտակը պահվում է Երևանի Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի՝ Սպենդիարյանի ֆոնդում: Այցելուներին կներկայացվի հրովարտակի կրկնօրինակը և Սպենդիարյանի տուն-թանգարանի կողմից պատրաստված փաստագրական տեսանյութ՝ Սպենդիարովների տոհմի ուշագրավ ձեռքբերումների պատմությամբ: 

Թանգարանային գիշերը՝ մայիս 21-ին, տուն-թանգարանը նախապատրաստել է երկու նախագիծ:

«Հանդիպում կոմպոզիտորի պատշգամբում» նախագծի շրջանակում 16:00-ին թանգարանի պատշգամբում տարբեր երաժշտական կրթօջախների տաղանդաշատ պատանիների հետ իրենց փորձով և մասնագիտական խորհուրդներով կկիսվեն դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և նրա պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը:

18:00-ից մինչև ուշ երեկո տուն-թանգարանի բակում կկայանա բացօթյա համերգ:
Մասնակիցներն են Երևանի Միքայել Միրզոյանի անվ. երաժշտական դպրոցի, Առնո Բաբաջանյանի անվ. պետական երաժշտամանկավարժական քոլեջի, Շառլ Ազնավուրի անվ. պետական արվեստի քոլեջի սաները և Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ջազային ամբիոնի սաները՝ մեներգիչներն ու ժողովրդական անսամբլները: Համերգը նվիրվում է թավջութակահար, հայկական ջազային երաժշտության հիմնադիր, Ալեքսանդր Սպենդիարյանի սան՝ Արտեմի Այվազյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին: Ծրագրում ընդգրկված են հայկական ժողովրդական կատարումներ, ինչպես նաև հայ կոմպոզիտորների սիրված ջազային-էստրադային ստեղծագործություններ:

Չխախտելով թանգարանային գիշերվա ավանդույթը՝ այցելուները կճաշակեն «Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով»:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]