Տնտեսություն

Շողակաթի դպրոցում արդեն գործում է 20 կիլովատտ ժամ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան 

2 րոպեի ընթերցում

Շողակաթի դպրոցում արդեն գործում է 20 կիլովատտ ժամ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան 

ԳԱՎԱՌ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի համանուն գյուղի միջնակարգ դպրոցի տանիքին դպրոցի կարիքների համար տեղադրվել եւ արդեն գործում է 20 կիլովատտ ժամ հզորության արեւային ֆոտովոլտային կայան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, արեւային ֆոտովոլտային կայանը կառուցվել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության եւ Շողակաթի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ։ Արեւային կայանի կառուցման արժեքը կազմել է 32 հազար եւրո, որի 90 տոկոսը ներդրել է Լիտվայի կառավարությունը, 10 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա փետրվարին եւ ավարտվել ապրիլի 30-ին։

Մայիսի 11-ին Շողակաթի դպրոցում տեղի է ունեցել արեւային ֆոտովոլտային կայանի հանդիսավոր բացումը, որին մասնակցել, շողակաթցիներին ողջունել եւ շնորհավորել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Շողակաթի միջնակարգ դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ ծնողները։

«Արեւային ֆոտովոլտային կայանն ընդհանուր ցանցին միացված է 2022 թվականի ապրիլի 30-ից։ Այս ծրագրի շնորհիվ Շողակաթի միջնակարգ դպրոցը ոչ միայն զրոյացնելու է էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման տարեկան ծախսերը, այլ նաեւ որոշակի եկամուտներ է տնտեսելու։ Այնպես որ, այս ծրագիրը կարող է օրինակ ծառայել նաեւ մեր համայնքի մյուս բնակավայրերի դպրոցների համար։ Շողակաթում այսօրվա դրությամբ կառուցված ու ընդհանուր ցանցին միացված արեւային ֆոտովոլտային կայանների ընդհանուր հզորությունը կազմում է 32 մեգավատտ։ Իսկ այժմ նախագծման կամ նախապատրաստական աշխատանքների փուլում են արեւային նոր կայանների կառուցման ծրագրերը, որոնք կյանքի կկոչվեն առաջիկայում, եւ այլընտրանքային էներգիայի մեր ունեցած ներկա հզորություններին կգումարվի եւս 30-40 մեգավատտ»,- նշեց Սուլիկո Շուշանյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում