Տնտեսություն

2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի պղնձի և մոլիբդենի խտահանքի արտահանման տուրքի կիրառությունը

5 րոպեի ընթերցում

2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի պղնձի և մոլիբդենի խտահանքի արտահանման տուրքի կիրառությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը 2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցնի պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նշեց, որ կվերանայվի ռոյալթիի համակարգը, պետական տուրքերի փոխարեն կկիրառվի ռոյալթիների նոր, հավելյալ բաղադրիչ, որը կիրառվում է այն ժամանակ, երբ կազմակերպությունների շահույթները գերազանցում են որոշակի շեմը։ «Արդյունքում մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ, ռոյալթիների գծով հարկային բեռի ավելացում չի լինի այն ռոյալթիների նկատմամբ, որոնք գործում էին մինչև պետական տուրքերի կիրառությունը»,- ասաց Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ ներկայացվող նախագիծը մետաղական հանքավայրերի շահագործման ռոյալթիի համակարգը ավելի արդար և արդյունավետ դարձնելու նպատակ ունի։

«Ռոյալթիները հարկի բնույթ ունեցող այն լրացուցիչ վճարներն են, որոնք ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպությունները վճարում են, բացի այն հարկերից և վճարներից, որոնք վճարվում են այլ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից։

Մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների համար հանրագումարային վճարները վերջին անգամ վերանայվել էին 2021 թվականի աշնանը՝ մետաղական խտանյութերի արտահանման համար պետական տուրք սահմանելու եղանակով։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ մետաղների միջազգային գները 2021 թվականից էականորեն բարձրացել են, ավելացնելով մետաղական հանքավայրերի շահութաբերությունը։ Անհրաժեշտություն էր առաջացել լրացուցիչ վճարների միջոցով ավելացնել նաև պետությանը մասհանվող մասը»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ նախորդ տարի 1 տոննա պղնձի արժեքը 6500 դոլարից հասավ 9300 դոլար։

2021 թվականին Կառավարությունը որոշեց, որ ընդերքօգտագործման վճարների չափը պետք է վերանայել, կազմակերպությունների և կառավարության միջև շահույթի բաշխման ավելի արդարացի հարաբերակցություն սահմանելու նպատակով։

«Սահմանվեց մետաղական խտանյութերի արտահանման պետական տուրք, ինչը լուծեց բարձր գների պայմաններում Կառավարության եկամուտների ավելացման խնդիրը։ 2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարվեց լրացուցիչ 24․6 միլիարդ դրամ պետական տուրք։ Սակայն այսօր սահմանված տուրքերի մեծությունը կախված չէ մետաղների գների հետագա փոփոխություններից, դրանց հնարավոր նվազեցման արդյունքում, երբ կազմակերպությունների շահույթները կնվազեն, կարող են վճարողունակության ռիսկեր առաջանալ այդ կազմակերպությունների համար, իսկ հետագա գների ավելացման դեպքում ավելի բարձր շահույթներից և տուրքերից հավելյալ եկամուտներ չեն ստացվի, քանի որ տուրքերը հաշվարկվում են արտահանման ֆիզիկական ծավալների հիման վրա։

Պետական տուրքի համակարգի պարագայում հաշվի չեն առնվում նաև հանքարդյունաբերության կազմակերպություններում կատարվող ծախսերի հնարավոր փոփոխությունները, հետևաբար նաև տնտեսական գործունեության շահութաբերության աստիճանի փոփոխությունը։ Այս պայմաններում հանքաարդյունաբերության ոլորտի զարգացման համար կայուն և կանխատեսելի միջավայր ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է ներդնել այնպիսի համակարգ, որն ավելի շատ է կապված ֆինանսական արդյունքներից և երաշխավորում է ոլորտում ստեղծվող նոր արժեքից արդարացի մասհանում պետական բյուջե»,- ընդգծեց Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ այս մոտեցմամբ մետաղների միջազգային գների և, հետևաբար, կազմակերպությունների շահութաբերության մակարդակի նվազման պայմաններում ռոյալթիի գծով հարկային բեռը կազմակերպությունների տնտեսական գործունեության շարունակականության ապահովման տեսանկյունից խնդրահարույց չի լինի։

«10 տոկոսը գերազանցող շահութաբերության պայմաններում, գերազանցող շահույթից կվճարվի լրացուցիչ ռոյալթի 15 տոկոս դրույքաչափով։ Ընդ որում, նախագծով, որ բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչը որոշելիս, նախքան հարկումը հաշվի կառնվեն նաև ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման առաջին և երկրորդ բաղադրիչների գծով կազմակերպությունների կրած ծախսերը, ինչպես նաև որոշակի դեպքերում ֆինանսական ծախսերը։

Ֆինանսական ծախսերը հաշվի առնելու նպատակով մեր կարգավորումներով նախատեսում ենք հիմքում ընդունել կազմակերպությունների հաշվետվողականության և թափանցիկության աստիճանը։ Որպես ուղենիշ վերցրել ենք այն հանգամանքը, որ կազմակերպությունները լինեն ցուցակված։ Այդպիսով՝ եթե ռոյալթի վճարող կազմակերպությունը ցուցակված է, ապա տոկոսային ծախսերը նույնպես կնվազեցվեն ռոյալթի երրորդ բաղադրիչը հաշվի առնելու ժամանակ»,- եզրափակեց Խաչատրյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում