Տնտեսություն

Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ

3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ

ԳՅՈՒՄՐԻ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային համակարգեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2021թվականի հունիսից «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, Կարիտաս Գերմանիայի և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ֆինանսավորմամբ, իրականացնում է «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց» եռամյա ծրագիրը, որի շրջանակներում մինչև այժմ 29 արևային ջրատաքացուցիչ և 3 արևային ֆոտովոլտային համակարգ է տեղադրվել Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքների՝ ընդհանուր թվով 32 սոցիալապես անապահով ընտանիքների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ծրագրի գործընկեր «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի կողմից շարունակվում են անցկացվել մասնագիտական՝ տեսական և գործնական դասընթացներ, որոնք նախատեսում են արևային էներգետիկ կայանների մոնտաժման և տեխնիկական սպասարկման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ փոխանցել: Արդեն 2 խումբ՝ ընդհանուր թվով 17 մասնակից, դասընթացները հաջողությամբ ավարտել է, իսկ մասնակիցներից մեկը ստացած գիտելիքների շնորհիվ սկսել է աշխատել Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում՝ որպես «Արևային էներգետիկ կայանների մոնտաժման և տեխնիկական սպասարկում» մասնագիտացման վարպետ: Առաջիկայում նախատեսվում է սկսել դասընթացների 3-րդ փուլը:

«Մինչև այս տարվա ավարտը նախատեսված է իրականացնել արևային ջրատաքացուցիչների կամ արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրումներ ևս 138 ընտանիքների, ինչպես նաև՝ 2 համայնքապատկան կառույցների համար, և մասնագիտական դասընթացներ՝ ևս 3 խմբի համար: Շիրակի մարզի հանրակրթական 7 դպրոցների միջին և ավագ դասարանների՝ ընդհանուր թվով 120 աշակերտների համար այս տարի կանցկացվեն բնապահպանության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ կրթական դասընթացներ»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նաև «կանաչ միջոցառումներ» Շիրակի մարզի 2 բնակավայրերում, բնապահպանական թեմաներով ֆլեշմոբեր, իրազեկման ակցիաներ և այլն:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում