Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելեն պատգամավորներ Իսրայելից և Սիրիայից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր կայցելեն և իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Հայաստան-Իսրայել , Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խմբերի ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ հայտնի է, որ հուշահամալիր կայցելեն նաև նախարար Նիդեռլանդներից և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը:
Անդրադառնալով ապրիլի 24-ին ընդառաջ անցկացվելիք միջոցառումներին` Մարությանը նշեց, որ ապրիլի 20-22-ին, հայաստանյան իրականության մեջ իր տեսակով առայժմ եզակի «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» միջազգային գիտաժողով կանցկացվի, որի շրջանակում կներկայացվի 29 զեկույց: Զեկույցով հանդես կգան նաև ներկայացուցիչներ Միացյալ Նահանգներից, Իսպանիայից , Կամբոջայից, Իսրայելից, Ռուանդայից և Լիբանանից:
Մարությանը նշեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ապրիլի 20-ին նոր ժամանակավոր ցուցահանդես է բացվելու՝ «Հայկական վարժարանների հետքերով.ուսյալ ազգի վկայագրերը»խորագրով:
«Հայ ժողովուրդը հսկայական ժառանգություն է թողել Օսմանյան կայսրությունում, Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում: Եղած ճնշումների պայմաններում հայերը կարողանում էին կրթական գործը կազմակերպել: Ցուցահանդեսը անդրադարձ է հենց դրան»,-ասաց նա` հավելելով, որ ցուցահանդեսի հեղինակը ժամանակավոր ցուցադրությունների գծով պատասխանատու Սեդա Պարսամյանն է:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի խոսքով՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, թանգարանում բացվելու է ֆրանսահայ նկարիչ Ժան Պիեր Սեֆերյանի գրաֆիկական նկարների ցուցահանդեսը: «Ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին էլ կբացվի «Հայկական սարսափները հոլանդացիների աչքերով» ժամանակավոր ցուցադրությունը»,-տեղեկացրեց Մարությանը: