Տնտեսություն

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ում ներդրվելու է արհեստական ձնագոյացման համակարգ

6 րոպեի ընթերցում

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ում ներդրվելու է արհեստական  ձնագոյացման համակարգ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության ներդրումային ծրագրով նախատեսվում է լեռնադահուկային բազմաֆունկցիոնալ նոր համալիր կառուցել։

Ներդրումային ծրագրի առաջին փուլում, Ընկերությունն ի թիվս այլ ենթակառուցվածքների ու համակարգերի, ձեռք բերելու և տեղադրելու է նաև արհեստական ձնագոյացման համակարգ։

Այս ուղղությամբ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ն արդեն սկսել է ակտիվ բանակցություններ ոլորտի միջազգային առաջատար և հեղինակավոր կազմակերպությունների հետ։ Նախագծին և դրա առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով սույն թվականի մարտին Հայաստանում էր ձնագոյացման համակարգերի արտադրության ոլորտում աշխարհահռչակ Technoalpin ընկերության տարածաշրջանային մենեջեր Քրիստիան Յոքերը։ Ձնագոյացման ոլորտի փորձագետն իր այցի շրջանակում հանդիպել է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագծի հիմնադիր Տիգրան Հարությունյանին և վերջինիս հետ քննարկել հետագա հնարավոր համագործակցության մանրամասները։

«Իրականում, արհեստական ձնագոյացումը կենսական կարևորություն ունի ժամանակակից լեռնադահուկային համալիրների համար։ Կլիմայի փոփոխությունը վերաբերում է բոլոր երկրներին՝ այդ թվում Հայաստանին և այդ փոփոխությունների պատճառով միշտ չէ, որ բնությունը մեզ ապահովում է առատ բնական ձյունով, լինում են դեպքեր, երբ բնական ձյան տեղումներն ուշանում են կամ ընդհանրապես չեն լինում։ Օրինակ, 2022 թվականի Պեկինի օլիմպիական խաղերն ամբողջությամբ անցկացվել են արհեստական ձյան ծածկույթի վրա։ Քանի որ մենք ստեղծելու ենք մոդեռն և միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող լեռնադահուկային հանգստի գոտի, ուստի ունենալու ենք նաև արհեստական ձնագոյացման համակարգ։ Այժմ պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումների փուլում ենք և քննարկում ենք նրանց հետ հնարավոր համագործակցությունը»,- նշել է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագծի հիմնադիր Տիգրան Հարությունյանը։

Սակավաձյուն ձմեռներն այլևս խնդիր չեն ձմեռային սպորտաձևերի և հանգստի սիրահարների համար, քանի որ առաջատար տեխնոլոգիաների և փորձառու մասնագետների շնորհիվ ձնագոյացման համակարգերը հուսալիորեն և ժամացույցի ճշգրտությամբ ապահովում են որակյալ արհեստական ձնածածկույթ, որն էլ սահուղիների անվտանգության ու որակի երաշխիքն է։ Արհեստական ձնագոյացման համակարգերը կարող են 70-80 ժամ աշխատելու արդյունքում ստանալ մինչև 40 սմ ձնածածկույթ։

Technoalpin ընկերության տարածաշրջանային մենեջեր Քրիստիան Յոքերն իր խոսքում նշել է.

«Սա իմ առաջին այցն է Հայաստան և առաջին հանդիպումը պոտենցիալ հաճախորդի հետ: Մենք քննարկել ենք մեր կողմից առաջարկվող ձնագոյացման համակարգի աշխատանքի մանրամասները: Սա կարող է լինել ձնագոյացման առաջին համակարգը Հայաստանում: Տեղանքի պայմանները բավականին լավն են, դուք ունեք գեղեցիկ լեռներ ու տեսարաններ։ Հայերը հաճելի և հյուրընկալ մարդիկ են, ունեն համեղ խոհանոց, և եթե այս ամենը համադրեք տեխնիկական մասի հետ ու ստեղծեք բարձր մակարդակի լեռնադահուկային հանգստավայր, ապա կլինեք նույնքան մրցունակ, ինչպես Եվրոպան: «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս ունենալ բարձրակարգ լեռնադահուկային ենթակառուցվածք: Այնտեղ կա բավականաչափ ջուր, ինչը կարևոր է ձնագոյացման համակարգի արդյունավետ աշխատանքի համար»:

Քրիստիան Յոքերը հավելել է, որ սովորաբար Եվրոպայում ձմռան սեզոնը սկսվում է նոյեմբերի կեսերից և ձգվում է մինչև մյուս տարվա փետրվար-մարտ, իսկ ձնագոյացման համակարգի նպատակն է ապահովել սահուղիներն անհրաժեշտ ձյան քանակությամբ, որն իր հերթին կերկարաձգի կուրորտային սեզոնը և կներգրավի նոր այցելուների:

Technoalpin-ը իտալական ընկերություն է՝ ոլորտում առաջատարներից։ Ունի ավելի քան 30 տարվա փորձ, Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական գործընկերն է և սպասարկել ու սպասարկում է Ձմեռային օլիմպիադաներին։ Ընկերությունը ներկայացված է աշխարհի տարբեր ծայրերում՝ Արգենտինա, Չինաստան, Սկանդինավյան երկրներ, Հարավային Աֆրիկա և այլն։

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ի արհեստական ձնագոյացումը ապահովող ընկերությունը զբաղվելու է արհեստական ձնագոյացման համակարգի տեղադրմամբ և համակարգի ընթացիկ սպասարկմամբ։ Իսկ հետագայում մնացած բոլոր աշխատանքները շարունակելու են իրականացնել տեղացի վերապատրաստված մասնագետները։

«Մենք մեր մասնագետներին գործուղելու ենք վերապատրաստումների, որպեսզի նրանք ձեռք բերեն բոլոր հմտությունները և կարողանան առավելագույն բարձր որակի արհեստական ձյուն ստանալ մեր դահուկորդների համար»,- հավելել է Տիգրան Հարությունյանը։

Նշենք նաև, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ը ճոպանուղու ձեռքբերման մասով արդեն պայմանագիր է կնքել ավստրիական Doppelmayr ընկերության հետ։ Նախագծումն ու կոնցեպտի մշակումն իրականացնելու է միջազգային առաջատար և պրոֆեսիոնալ «Էկոսայն» ընկերությունը, իսկ որպես օպերատոր աջակցելու է եվրոպական «Փի Ջի Այ» կազմակերպությունը։

Այն, ինչ նախատեսվում է ստեղծել նախագծի առաջին փուլով, բավարար է Հայաստանում ամենազարգացած ու հագեցած եզակի կենտրոն ունենալու և Հայաստանն այդ ուղղությամբ աշխարհին ճանաչելի դարձնելու համար։ Արդեն ավարտական փուլում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ը հավակնում է դառնալ լավագույնը տարածաշրջանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում