Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ներկրվող գազի գինը ռուբլիով ֆիքսելը երկարաժամկետում դրական ազդեցություն կթողնի ՀՀ էներգետիկ շուկայի վրա. փորձագետ

Ներկրվող գազի գինը ռուբլիով ֆիքսելը երկարաժամկետում դրական ազդեցություն 
կթողնի ՀՀ էներգետիկ շուկայի վրա. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանի գնահատմամբ՝ եթե հնարավոր լինի բանակցությունների, քննարկումների միջոցով Հայաստան ներկրվող ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարման տարբերակը պայմանագրով ֆիքսել, ապա այն երկարաժամկետում դրական ազդեցությունը կթողնի Հայաստանի էներգետիկ շուկայի վրա: Հովսեփյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Փորձագետը հիշեցրեց՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների համատեքստում ՌԴ-ն հայտարարել էր ոչ բարեկամ երկրներին ռուբլիով գազ մատակարարելու հնարավորության մասին՝ այսպիսով փորձելով կարճաժամկետ հորիզոնում  կարգավորել իր արժութային շուկան: ՌԴ նախագահը նշել էր, որ բոլոր օտարերկրյա սպառողները պետք է հնարավորություն ունենան ռուսական գազի դիմաց վճարումներն իրականացնել ռուբլիով:

«ՀՀ փոխվարչապետը ևս իր խոսքում նշեց, որ ներկայումս օրակարգում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, և հնարավոր է, որ օրակարգ մտնի նաև ռուսական գազի խնդիրը, ենթադրում ենք, որ նաև այս միջազգային զարգացումների համատեքստում: Այս համատեքստում խնդիրը, կարծում եմ, որ բացառապես քաղաքական է: Եթե հնարավոր լինի բանակցությունների, քննարկումների միջոցով Հայաստան ներկրվող գազի գինը ֆիքսել ռուբլիով, ապա այն միանշանակ իր դրական ազդեցությունը կթողնի էներգետիկ շուկայի վրա»,-ասաց Հովսեփյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ մինչև այդ ԵԱՏՄ-ում ընդունվել է գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը, և ԵԱՏՄ բոլոր երկրները շահագրգռված են այդ ծրագրի իրականացման համար, այդ թվում շատ մեծ ոգևորվածություն ունեն Հայաստանը, Բելառուսը և Ղրղզստանը: Գազի ընդհանուր շուկան ենթադրում է, որ մինչև 2025 թ պետք է ձևավորվեին շուկայի գործառնության տնտեսական ընդհանուր պայմաններ, ապահովվեին մեթոդաբանական, կազմակերպչական հիմքերը: Այսինքն՝ շուկայի միջոցով հնարավորություն է ստեղծվում անարգել և բորսայական սկզբունքով միմյանցից  գազ գնել և վաճառել միության շրջանակներում:

«Խոսքը բացառապես տարանցման գնագոյացման ընդհանուր սկզբունքների և մեթոդաբանության մասին է: Գիտենք, որ Հայաստանի տարածք ներկրվող գազն անցնում է Վրաստանի տարածքով, մոտ 10 տոկոսի չափով վճարում ենք տարանցման վճար, ինչը բնականաբար բարձրացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը: Եվ գազի բարձր գինն էլ իր ազդեցությունն է ունենում էներգետիկայի, էլեկտրաէներգիայի ընդհանուր գների վրա, սա էլ իր շղթայական ազդեցությունն է ունենում տնտեսության մեջ ապրանքների և ծառայությունների գների վրա՝ նվազեցնելով և տեղական արտադրանքի մրցունակությունը ԵԱՏՄ շուկայում, և երրորդ երկրներում»,-ասաց Հովսեփյանը:

Նրա գնահատմամբ, սակայն, ներկրվող գազի գինը ռուբլիով ֆիքսելու համար կան տեխնիկական խնդիրներ, սակայն հարցն ամբողջովին քաղաքական տիրույթում է:

Սակայն Հովսեփյանը կրկին հիշեցրեց, որ հարցը դեռևս օրակարգում չէ, օրակարգում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, բայց, եթե այդ հարցը գա օրակարգ, և ՌԴ-ի կողմից համաձայնություն լինի, երկարաժամկետում այն իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանի էներգետիկ շուկայի վրա, ինչն էլ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսությունում ապրանքների արտադրության, ծառայությունների արժեքի վրա:

Փորձագետը, սակայն, ընդգծում է, որ ռուբլու տատանումները ևս ռիսկ են առաջացնում, այսպիսով շատ կարևոր է, թե ինչ ձևով կֆիքսվի պայմանագիրը, եթե այդպիսին լինի:

Նա կարծում է, որ գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը զուգընթաց, միգուցե, իրականացվի նաև այս գործընթացը, եթե քաղաքական կամք ու պայմանավորվածություն լինի՝ գազի վաճառքը ֆիքսել ռուբլիով:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասել էր, որ քննարկվում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման հնարավորությունը:

Աննա Գրիգորյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am