Տնտեսություն

ՌԴ-ում տնտեսական 1 տոկոս անկումը կարող է հանգեցնել Հայաստանում 0.7 տոկոս անկման. տնտեսագետ

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ում տնտեսական 1 տոկոս անկումը կարող է հանգեցնել Հայաստանում 0.7 տոկոս անկման. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականների` Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով կարող է գրանցել 6-10 տոկոս տնտեսական անկում, որից անմասն չի մնա նաև Հայաստանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանը:

«Բնականաբար, Հայաստանը անմասն չի մնա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը մեր հիմնական առևտրատնտեսական գործընկերն է: Վերջերս հրապարակվեցին «Ամբերդ» հետազոտական կենտրոնից փորձագիտական գնահատականները, համաձայն որոնց` Ռուսաստանում տնտեսական մեկ տոկոս անկումը կարող է հանգեցնել Հայաստանում 0.7 տոկոս անկման: Սա նշանակում է՝ եթե ՌԴ-ում լինի 6-10 տոկոս անկում, ապա Հայաստանում կարող է այդ անկումը լինել 4-6 տոկոսի սահմաններում»,- ասաց Հովսեփյանը:

Նրա խոսքով` ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ազդել են Հայաստանի արտահանման վրա, որովհետև մատակարարման շղթաները արդեն իսկ խաթարված են, որոշ դեպքերում կասեցված, ինչը ռիսկեր և խոչընդոտներ է առաջացնում հայաստանցի արտահանողների համար:

«Դրանից բացի, ազդեցությունը կտեսնենք տրանսֆերտների և ներդրումների տեսքով: Եվ, բնականաբար, այս ամեն համատեքստում կնվազի տրանսֆերտների ծավալը»,- ասաց Հովսեփյանը:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանը նաև ուշադրության հրավիրեց պարենային անվտանգության հարցին՝ նշելով, որ ԵԱՏՄ երկրները 2021-22 սեզոնի համար գնումները արդեն իսկ իրականցրել են և եթե հանկարծ այդ ժամանակահատվածի ընթացքում ԵԱՏՄ ցանկացած երկիր, այդ թվում` Հայաստանը, կարիք ունենա լրացուցիչ ներմուծում իրականացնելու, ապա լիցենզավորված գործընթացով կարելի է այն իրականացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում