Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի ստեղծագործությունները կհնչեն Քարնեգի հոլում

Կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի ստեղծագործությունները կհնչեն Քարնեգի հոլում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի ստեղծագործությունները կներկայացվեն «Musical Armenia» երաժշտական շարքի ամենամյա համերգին, որը տեղի կունենա մարտի 6-ին Նյու Յորքի հեղինակավոր Քարնեգի հոլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Weill համերգասրահում նախատեսվող համերգային երեկոն կազմակերպել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանը։ Համերգի ծրագրում կհնչեն Տաթև Ամիրյանի դաշնամուրային գործերը՝  հեղինակային կատարմամբ, ինչպես նաև նրա վոկալ ստեղծագործությունները սոպրանո Աննա Հայրապետյանի կատարմամբ։ Համերգի ընթացքում հանդես կգա նաև թավջութակահարուհի Լաուրա Նավասարդյանը, որը կկատարի արևմտաեվրոպական կոմպոզիտորների գործեր։

«Musical Armenia» շարքն անցկացվում է արդեն 37-րդ անգամ՝ 1982 թվականից սկսած։ Նախաձեռնության նպատակը հայ կատարողների և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջխաղացումն է ԱՄՆ-ում։

«‎Ինձ համար մեծ պատիվ է ներկայանալ «Musical Armenia» համերգի շրջանակներում։ Անչափ ուրախ եմ, որ ոչ միայն նվագելու եմ նման հեղինակավոր համերգասրահում, այլև ներկայացնելու եմ իմ ստեղծագործությունները նյույորքյան հանդիսատեսին։ Այս համերգն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի և ես մեծ ոգևորությամբ եմ սպասում դրան»,-շեշտում է կոմպոզիտոր Տաթև Ամիրյանը։

Կոմպոզիտոր, դաշնակահար, Երաժշտական արվեստների դոկտոր Տաթև Ամիրյանը հեղինակ է շատ ստեղծագործությունների` գրված ամենատարբեր ժանրերում` դաշնամուրային, վոկալ, գործիքային, կամերային, խմբերգային և սիմֆոնիկ: Նրա երաժշտությունը հնչել է Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Իսրայելում, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, Լեհաստանում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում և Ճապոնիայում համաշխարհային ճանաչված տարբեր կատարողների, այդ թվում` ամերիկյան Portland Youth Philharmonic նվագախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի,  German Chamber Philharmonic of Bremen նվագախմբի, ամերիկյան CMEA Central Coast Honors նվագախմբի, Carme Diem լարային կվարտետի, Juventas New Music Ensemble-ի, Playground Ensemble-ի, Կանզաս քաղաքի Metropolitan Choral երգչախմբի, գերմանական Oktoplus անսամբլի, ինչպես նաև դաշնակահարներ Հայկ Մելիքյանի, Ջեֆրի Ջակոբի և տերեմինահար Թորվալդ Ջորգենսենի կատարմամբ:

2016-ին Հայաստանում լույս է տեսել նրա դաշնամուրային ստեղծագործությունների առաջին ձայնասկավառակը ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ:

Ամիրյանը մասնակցել է մի շարք հայտնի մրցույթների և փառատոների Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում: Արժանացել է Armenian Allied Arts ստեղծագործական մրցույթի 1-ին մրցանակին, Կանզաս քաղաքի կոնսերվատորիայի կամերային և Metropolitan Choral երգչախմբի խմբերգային ստեղծագործությունների մրցույթների 1-ին մրցանակներին և New Ariel Recordings դաշնամուրային ստեղծագործությունների միջազգային մրցույթի 2-րդ մրցանակին: Ինչպես նաև հաղթող է ճանաչվել ամերիկյան Crossing Borders Music, Juventas New Music անսամբլների և Abundant Silence երաժշտական հրատարակչության ստեղծագործական մրցույթներում։ 2020-ին ճանաչվել է RMN Classical դաշնամուրային ստեղծագործությունների և International Alliance for Women in Music միջազգային մրցույթների հաղթող։ Նա ստեղծագործությունների պատվերներ է ստացել մի շարք հեղինակավոր կազմակերպություններից, այդ թվում՝ Portland Youth Philharmonic նվագախմբի, Հյուսիս գերմանական ռադիոյի (NDR), Lilith անսամբլի(Ամստերդամ), Ամերիկյան ACM Access Contemporary Music կազմակերպության,  Abundant Silence երաժշտական հրատարակչության և New Ariel Recordings-ի կողմից։

Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ Ամիրյանը հանդես է գալիս նաև որպես դաշնակահար` կատարելով իր հեղինակային ստեղծագործությունները, դասական և ժամանակակից գործեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am